Ծանրամարտի Հայաստանի առաջնության ավարտից հետո գլխավոր մարզիչ եւ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ լրատվականին ասաց.
«Ինչպես մտածում էինք, այդպես էլ եղավ: Ծանրորդների համար դեռ շատ շուտ է լավագույն մարզավիճակի գագաթին լինելը, եւ ես նրանցից նման բան չեմ պահանջում: Պաշտոնական առաջնություններին երիտասարդները դեռ չորս ամիս ունեն, մեծահասակները՝ յոթ ամիս: Բայց եթե այս առաջնությունում արձանագրված արդյունքները համեմատեք այն արդյունքների հետ, որոնք կգրանցվեն մոտ մեկ ամիս հետո Եվրոպայի առաջնությունում, կտեսնեք, որ առնվազն չորս քաշային կարգերում դրանք մրցանակային տեղերի արդյունք են: Ավելին, մեր ծանրորդներն այդ չորս քաշային կարգերում իրենց կիլոգրամները կարող էին ավելացնել եւս հինգով ու պայքարել առաջին տեղի համար: Ընդ որում, ասածս վերաբերում է նաեւ կանանց»:
Մարզիչը խոսեց նաեւ Անդրանիկ Կարապետյանի ձախողման եւ Ռուբեն Ալեքսանյանի չմասնակցելու մասին.
«Անդրանիկը պոկեց 165 կգ: Նա մարզումների ժամանակ էլ, չգիտես ինչու, խուսափում էր հրում վարժությունից: Այս առումով մենք նրա հետ աշխատանքի խնդիրներ ունենք: Եթե Անդրանիկը կարողացավ մեզ հետ աշխատել, մենք էլ կաշխատենք նրա հետ: Եվ հակառակը:
Ինչ վերաբերում է Ռուբեն Ալքեսանյանին, նա թեթեւ վնասվածք ուներ, դրա համար որոշում կայացվեց, որպեսզի չմասնակցի: Հույս ունենք, որ նա աշխարհի առաջնությանը պատրաստ կլինի եւ կմասնակցի: Մենք այսօր փոխարինողների պակաս չունենք մեծահասակներից մինչեւ պատանիներ: Մենք չենք կարող անարդյունավետ վատնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ցուցաբերած աջակցությունները, սկսած $ 50 հազար տուգանքից, որ մուծեցինք միջազգային ֆեդերացիային, վերջացրած թոշակներով, որ տալիս է ծանրորդներին», - ասաց մասնագետը: