Նիկշա Բավցեւիչ. Ալբանիայի հետ խաղում ներդնելու ենք մեր բոլոր ուժերը

17:00 - 23 Փետ, 2018

«Մեծ կորուստներով ենք մոտենում Ալբանիայի հետ հանդիպմանը, բայց մեր բոլոր ուժերը ներդնելու ենք այս խաղում»,- լրագրողների հետ զրույցում ասաց բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը:

Մարզիչը խոսեց առաջիկա հանդիպման մասին.

«Ալբանիայի հետ խաղը մեզ համար շատ կարեւոր է: Բազմաթիվ խնդիրներ ունենք այս դիմակայությունից առաջ: Ինչպես գիտեք, թիմին չեն միացել ԱՄՆ-ի ուսանողական լիգայում հանդես եկող բասկետբոլիստները: Նրանց հետ մենք շատ ավելի ուժեղ ենք: Հույս ունեմ, որ հաջորդ խաղին նրանք մեզ կմիանան, եւ թիմն ամբողջական կլինի:

Անդրանիկ Չրաբաշը վնասվածք ունի եւ բաց է թողել մարզումների առաջին հատվածը: Լուկաս Ֆիշերը երեկ է միացել ազգային հավաքականի ճամբարին: Լուկասը կորցրել էր ուղեբեռն ու միայն այսօր առավոտյան է կարողացել մարզվել թիմի հետ:

Մեծ խնդիր ունենք Ալբերտ Թադեւոսյանի հետ կապված: Նա ոլորել է ոտքը: Մեր բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի Ալբերտը պատրաստ լինի խաղին, բայց շանսերը քիչ են: Նա շատ է ցանկանում խաղալ: Վաղը պարզ կլինի, արդյո՞ք կկարողանա, թե՝ ոչ: Ալբանիայի հետ նախորդ խաղում Թադեւոսյանը լավագույն բասկետբոլիստն էր: 

Մենք ֆեդերացիայի ղեկավարների հետ որոշել ենք, որ Ռայան Բոաթրայթը ազգային հավաքականում այլեւս հանդես չի գալու: Պատճառը՝ նրա վատ վերաբերմունքն է ազգային թիմի նկատմամբ: Ռայանի պահվածքը չի համապատասխանում թիմի փիլիսոփայությանը: Քանի դեռ ես գլխավորում եմ հավաքականը՝ նա չի խաղա այս թիմում: Սա լավ հնարավորություն է թիմի նորեկ Արագադ Աբրամիանի համար: Մենք հավատում ենք նրան: Արագադը մեծ փորձ չունի եւ ցավոք, այս պահին նաեւ ակումբ չունի: Բայց, նա մեծ պոտենցիալով խաղացող է: Վստահ եմ, որ ապագայում Աբրամիանը հավաքականում լավագույններից կլինի»,- ասաց Բավցեւիչը:

Խոսելով Ալբանիայի հավաքականի եւ այս դիմակայությունում մեր շանսերի մասին՝ մարզիչն ասաց, որ մրցակցին չեն թերագնահատում, բայց չեն էլ վախենում.

«Երեկ նայում էինք Դանիա-Ալբանիա խաղը: Ալբանիան խաղի մեջ էր 30 րոպե եւ բավականին լավ էր խաղում: Մի քանի շատ լավ բասկետբոլիստներ ունեն, որոնք խաղում են Անգլիայի եւ Իտալիայի առաջնություններում: Շատ դժվար է լինելու, բայց իմ բասկետբոլիստները կանեն առավելագույնը հաղթանակի համար: Իհարկե, մեզ անհրաժեշտ է երկրպագուների աջակցությունը: 

Արդեն 9-10 ամիս է գլխավորում եմ Հայաստանի ազգային հավաքականը: Մեր թիմը շատ մեծ առաջընթաց է ապրել: Ինձ գոհացնում է տղաների մոտեցումն աշխատանքին:

Առաջին խաղերում մենք դժվարությամբ էինք ունենում 10 բասկետբոլիստ, այս պահին թիմի ճամբարում կա 14 խաղացող: Ամռանն ընտրություն անելու ավելի մեծ հնարավորություն կունենամ: Սա իսկապես կարեւոր եւ մեծ քայլ է Հայաստանում բասկետբոլի զարգացման համար:

Ա լիգայի ստեղծումը նույնպես օգնեց ազգային թիմի զարգացմանը: Ա լիգայից մի քանի խաղացողներ ընդգրկել ենք հավաքականի կազմում: Նրանք բավականին մոտիվացված են եւ կենտրոնացած աշխատանքի վրա: Շատ լավ է, որ մենք ամբողջովին կախված չենք սփյուռքից: Իհարկե, հիանալի է ունենալ նման ուժեղ սփյուռք, բայց Հայաստանի սիրտն այստեղ է»,- ասաց Նիկշա Բավցեւիչը:

Հայաստան-Ալբանիա հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին, ժամը 19:00-ին, նախկին «Միկա» մարզահամալիրում: Մուտքն ազատ է:

 

 

Այլ նորություններ