Վերջերս Մոսկվայում անցկացված վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող գեղարվեստական մարմնամարզուհի Յուլյա Վոդոպյանովան զբաղեցրեց 6-րդ տեղը եւ 2018 թվականի Բունենոս Այրեսի պատանեկան ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց: ՀԱՕԿլրատվականի հետ զրույցում գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանը խոսեց Յուլյայի հաջողության եւ 2018 թվականի ծրագրերի մասին:
«Վոդոպյանովայի հաջողությունը մեզ համար անակնկալ չէր: Հավատում էինք, որ նա կարող է օլիմպիական ուղեգիր նվաճել, չնայած հասկանում էինք, որ հեշտ չի լինի: Մոսկովյան մրցաշարն ընտրական էր Եվրոպայի համար: 56 մասնակիցների մեջ խաղարկվում էր 18 ուղեգիր: Յուրաքանչյուր երկիր 2-ական մարզիկ կարող էր ներկայացնել, բայց այդ մակարդակի երկրորդ մարմնամարզուհի մենք չունեինք: Չնայած շատ մեծ մրցակցությանը, Յուլյան հրաշալի հանդես եկավ: Նա ապրում եւ մարզվում է Նիժնի Նովգորոդում (ՌԴ), հայտնի մարզիչ Նատալյա Տիշինայի գլխավորությամբ:
Այս օրերին մեծահասակների եւ երիտասարդների (մինչեւ 15) միջազգային մրցաշարերում մասնակցեցին մեր մի քանի մարմնամարզուհիներ: Առաջատար Յասմինա Աղագուլյանը հանդես եկավ «Գրան Պրիի» խաղարկությունում՝ զբաղեցնելով 16-րդ տեղը:
Այս տարի նրան սպասում է Եվրոպայի առաջնությունը (Իսպանիա, Գվադալախարա, մայիսի 29-ից հունիսի 4): Զուգահեռ, աշխարհամասի երիտասարդների առաջնությունում հանդես կգա նաեւ Վոդոպյանովան, եւ հավանաբար, Լուսինե Գեւորգյանը:
Աշխարհի առաջնությունը կանցկացվի Սոֆիայում սեպտեմբերի 7-16-ը: Նախատեսում ենք հանդես գալ ընդհանուր թիմային հաշվարկով, ինչի համար պետք է հայտավորել 3-4 մարզիկների: Բուլղարիայի մայրաքաղաքում հանդես կգան Յասմինա Աղագուլյանը, Էլլա Աստվածատրյանը, Սիլվա Սարգսյանը: Հնարավոր է չորրորդ մարմնամարզուհու մասնակցությունը:
Նախատեսում ենք Յասմինայի մասնակցությունը նաեւ Աշխարհի գավաթի խաղարկության Սոֆիայի, Տաշքենդի եւ Պեզարոյի փուլերում: Բաքվում կայանալիք աշխարհի գավաթի փուլը հասկանալի պատճառներով բաց կթողնենք: Ցավոք, 2019 թվականի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է Տոկիո-2020-ի համար, եւս կանցկացվի Ադրբեջանի մայրաքաղաքում»,-ասաց Գայանե Ներսիսյանը: