Ստամբուլում Հայաստանի աթլետները հանդես են եկել Թուրքիայի աթլետիկայի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունում: Մեր երկիրը ներկայացրել են Լեւոն Աղասյանը (հեռացատկ), Գայանե Չիլոյանը (վազք, 60 մ) եւ Տիգրան Մկրտչյանը (վազք, 400 մ):
ՀԱՕԿ լրատվականին Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը հայտնեց, որ մեր մարզիկներին չի հաջողվել մրցանակային տեղեր զբաղեցնել:
Լեւոն Աղասյանը հանդես է եկել հեռացատկում (6 մ 99 սմ), քանի որ եռացատկը ներառված չէր մրցաշարի ծրագրի մեջ: Գայանե Չիլոյանին չի հաջողվել անցնել եզրափակիչ: Տիգրան Մկրտչյանը բարելավել է իր անհատական արդյունքը (49:29) եւ զբաղեցրել 9-րդ տեղը:
Ամեն դեպքում Թուրքիայում կայացած մրցաշարերը հայաստանցի աթլետների համար լավ փորձ էր տարվա կարեւոր մեկնարկներից առաջ: