Դահուկավազքի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանը Փհենչհանից ՀԱՕԿ լրատվականին հայտնեց, որ Կատյա Գալստյանը եւ Միքայել Միքայելյանը մրցելույթներն ավարտելուց հետո շարունակում են մարզվել ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքում:
«Նրանց օլիմպիական բարդ մրցուղում ամենօրյա մարզումներ անցկացնելու բացառիկ հնարավորություն է ընձեռվել: Դա փորձի կուտակման հիանալի առիթ է: Մարզումները շարունակում ենք նույն ռեժիմով, ինչպես՝ Աշոցքում: Թե´ Կատյայի, թե´ Միքայելի մասնակցությունից գոհ եմ: Երկուսն էլ այստեղ զգալիորեն բարելավեցին իրենց անձնական արդյունքները: Եթե աճը հետագայում էլ շարունակվի այս տեմպերով, ապագայում մենք անհամեմատ ավելի բարձր տեղերի համար կկարողանանք պայքարել միջազգային մրցուղիներում», - ասաց մարզիչը:
Լուսանկարները՝ Ասատուր Եսայանցի