Դահուկորդ Միքայել Միքայելյանն այսօր ձմեռային օլիմպիական խաղերում ավարտեց ելույթները՝ 15 կմ ազատ ոճ մրցատարածությունում 39:25.1 արդյունքով զբաղեցնելով 83-րդ հորիզոնականը: Նա կարողացավ իրենից հետ թողնել տարբեր երկրների 36 մրցակցի:
Եզրագիծը հատելուց հետո Միքայել Միքայելյանը Փհենչհանում գտնվող մարզական լրագրող Խաչիկ Չախոյանին եւ ֆոտոլրագրող Ասատուր Եսայանցին ասել է.
«Օլիմպիական մրցաշարն ինձ շատ անհրաժեշտ փորձ տվեց, ինչը, բնականաբար, կօգտագործեմ իմ ապագա մրցելույթների ժամանակ: Ես այնքան էլ գոհ չմնացի իմ ցույց տված արդյունքներից: Չնայած, այնքան էլ լավ մարզավիճակում չէի, արեցի այն, ինչ կարող էի: Իսկ հիմա ես ձգտում եմ ավելի լավ պատրաստվել մինչեւ 20 տարեկան դահուկորդների աշխարհի առաջնությանը»:
Լուսանկարը՝ Ասատուր Եսայանցի