Կատյա Գալստյանը կրկնեց Միքայել Միքայելյանի ցուցանիշը

15:44 - 15 Փետ, 2018

Խաչիկ Չախոյանը եւ Ասատուր Եսայանցը Փհենչհանից հաղորդում են:

Դահուկավազքի կանանց ազատ ոճով 10 կմ մրցատարածությունում այսօր մեկնարկեց Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ Կատյա Գալստյանը: Նա ցույց տվեց 30:25.1 արդյունք եւ ինչպես Միքայել Միքայելյանը, զբաղեցրեց 72-րդ տեղը:

Կանանց մրցումներին, ընդհանուր առմամբ, մասնակցեց 90 դահուկորդ, այդ թվում՝ աշխարհի բազմակի չեմպիոններ տարբեր երկրներից: Կատյան մրցումից հետո բարձր տրամադրություն ուներ եւ բավարար համարեց իր արդյունքը:

Մեկնարկում Գալստյանը բավականին լավ րոպեներ ցույց տվեց, բայց մրցատարածության երկրորդ հատվածում զիջեց դիրքերը եւ ի վերջո զբաղեցրեց 72-րդ տեղը.

«Շատ լավ հասկանում էի, որ ուժեղ մրցակցություն է լինելու: Բայց ես էլ իմ առաջադրանքն ունեի՝ հնարավորինս լավ րոպեներ ցույց տալ: Բնական է, որ 72-րդ տեղը ոչ-ոքի չի ուրախացնի: Բայց պատկերացրեք, որ ես հաղթել եմ մի շարք ուժեղ մրցակիցների, բացի այդ, մի շարք ուժեղ մրցակիցների էլ շատ քիչ եմ պարտվել: Այնպես որ, իրական գնահատական տալով ելույթիս՝ այն համարում եմ բավարար»,- նշեց Կատյա Գալստյանը:

Հավաքականի մարզիչ Արթուր Միքայելյանն էլ համամիտ է իր սանի հետ.

«Ես հասկանում եմ, որ նրանք, ովքեր լսում են 72-րդ տեղի մասին, արդեն մտածում են, որ մեր մարզիկը շատ թույլ է: Ես կասեի՝ մրցակիցներն են պարզապես շատ ուժեղ: Կատյան գուցե կարող էր ավելի բարձր տեղ գրավել, բայց ունեցած մարզավիճակում նա արեց առավելագույնը: Այնպես որ, ես էլ Գալստյանի ելույթը գնահատում եմ բավարար»:

Այսպիսով, մեր երեք մարզիկներից մեկը ավարտեց ելույթները Փհենչհանում:

Վաղը վերջին մրցելույթն է ունենալու Միքայել Միքայելյանը: Նա կմրցի տղամարդկանց ազատ ոճով 15 կմ մրցատարածությունում, իսկ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը հանդես կգա փետրվարի 22-ին:

Ի դեպ, այսօր կանանց 10 կմ ազատ ոճով մրցման ժամանակ երկու մարզուհիներ ցույց տվեցին բացարձակ նույն արդյունքը եւ կստանան իրենց մեդալը: Աշխարհի չեմպիոն, նորվեգուհի Մարիտ Բյորգենը եւ ֆինն Քրիստա Պարմակոսին դարձան բրոնզե մեդալակիրներ, արծաթը բաժին հասավ շվեդուհի Շառլոտ Կալլային, իսկ օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճեց նորվեգուհի Ռագնիլ Հագան:

 

Լուսանկարը՝ Ասատուր Եսայանցի

Այլ նորություններ