Միքայել Միքայելյան. Զբաղեցրած տեղից գոհ չեմ, իսկ արդյունքից բավարարված եմ

23:50 - 13 Փետ, 2018

Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերում այսօր մեկնարկած Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ Միքայել Միքայելյանը, դասական սպրինտում հաղթողին պարտվեց 28 վայրկյան ու 79 մարզիկների մեջ զբաղեցրեց 74-րդ տեղը:

Մեր գործընկերներ Խաչիկ Չախոյանը եւ Ասատուր Եսայանցն օլիմպիական խաղերից ՀԱՕԿ լրատվականին հաղորդում են, թե մասնակցությունն ինչպե՞ս են գնահատում ինքը՝ դահուկորդը եւ նրա մարզիչն ու Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

«Զբաղեցրած տեղիցս գոհ չեմ, բայց  արդյունքից գոհ եմ: Եղանակային պայմանները շատ էին դժվարացրել աշխատանքը վազքուղում, բայց ես արեցի առավելագունը, ինչ-որ կարող էի այս պահին: Հետո, երբ տեսա, որ 28 վայրկյան եմ պարտվել հաղթողին, չեք հավատա, բայց ուրախացա: Քայլ առ քայլ ես կբարելավեմ արդյունքներս: Այս ելույթս ինձ հնարավորություն է տալիս լավատես լինել ապագայի նկատմամբ: Չգիտեմ ինչու, ինչ-որ արտասավոր բան էի սպասում, ինչ-որ անսպասելի բան: Բայց այստեղ ամեն ինչ սովորական է: Մարդիկ բարեհամբույր են, ժպտում են անընդհատ, եւ ինձ թվում է, թե սովորական մրցման եմ եկել», - ասաց Միքայելը:

Արթուր Միքայելյանի ու դահուկային սպորտի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի մասնագիտական կարծիքները գրեթե նույնն էին: Նրանք նշեցին, որ ուժեղ մրցակիցների հետ պայքարում շատ բարձր տեղ ակնկալելն իրատեսական չէր: Բայց հայ դահուկորդն արել է այն, ինչ-որ կարող էր:

Միքայելյանի հաջորդ մեկնարկն օլիմպիական խաղերում փետրվարի 16-ին է: Այդ օրը հայ դահուկորդը հանդես կգա ազատ ոճով 15 կմ մրցատարածությունում:

 

Լուսանկարը՝ Ասատուր Եսայանցի

Այլ նորություններ