Հայաստանի բասկետբոլի ֆերեդացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն օրերս Լիբանանում էր, որտեղ բազմաթիվ գործնական հանդիպումներ է ունեցել տեղի հայ համայնքի հետ: Նազարյանի խոսքով՝ ֆեդերացիան վաղուց էր ցանկանում համագործակցել լիբանանահայերի հետ, քանի որ նրանք բասկետբոլային մեծ ավանդույթներ ունեն: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը պատմեց այցի մանրամասների մասին.
- Պարոն Նազարյան, ի՞նչ համագործակության մասին է խոսքը:
- Ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանի հետ վաղուց էինք քննարկում այս այցը, սակայն, երկու-երեք տարի առաջ չունեինք կայուն հավաքականներ, կանոնավոր առաջնություն, ուստի չկար նաեւ համագործակցության եզրեր:
Վերջապես ֆեդերացիայի ղեկավարությունը որոշում կայացրեց, որ այցս Լիբանան պետք է լինի փետրվարին: Շատ ջերմ ընդունելության արժանացա հայկական համայնքի կողմից: Չորս օր անցկացրի Բեյրութում, բազմաթիվ հանդիպումներ ունեցա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Բասկետբոլի Լիբանանի առաջնություններում հանդես են գալիս մի շարք հայկական թիմեր, որոնք հիմնականում ներկայացնում են «Հոմենթմեն» եւ «Անդրանիկ» ակումբները: Առավել հայտնի է Հոմենթմենի տղամարդկանց թիմը, որն այժմ գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը: Երկու ակումբների հետ քննարկեցինք մի շարք ծրագրեր, որոնք միտված են հայկական բասկետբոլի զարգացմանը:
Եղան մի շարք այլ հանդիպումներ: Այս այցի նպատակներից մեկն էր նաեւ Lիբանանի հայերին ասել, որ նրանք մեր մի մասնիկն են, եւ մենք պետք է բոլոր ուժերը համախմբենք՝ հայկական բասկետբոլը զարգացնելու համար:
- Արդյոք կա՞ հստակ պայմանավորվածություն:
- Այս համագործակցությունից կառանձնացնեմ երկու հիմնական կետ: Առաջինը՝ ցանկանում ենք, որ Հայաստանի տղամարդկանց առաջնությունում լիբանանահայերը ներկայացնեն մի քանի ակումբներ: Նրանք ունեն մեծ բասկետբոլային ներուժ, ավանդույթներ, շատ լավ տիրապետում են մարզաձեւի նրբություններին եւ կնպաստեն մեր երկրում բասկետբոլային մշակույթի զարգացմանը: Սա նրանց թույլ կտա հայրենիքի հետ կապն ավելի ամրացնել: Եւ, երկրորդ կետը՝ մենք ցանկանում ենք, որ Լիբանանի հայ բասկետբոլիստները խաղան Հայաստանի տարիքային հավաքականներում: Մի քանի մարզիչներ մեզ օգնելու են տեղեկություններ ստանալ նրանց մասին, որ փոքր տարիքից ներգրավենք նրանց մեր հավաքականներում:
Տեղի հայերը, որոնք կարեւոր դեր են խաղում բասկետբոլում՝ համաձայնեցին, որ ժամանակի ընթացում պետք է կյանքի կոչել այս կետերը: Առաջիկայում նրանք պետք է այցելեն հայրենիք: Նախնական համաձայնությամբ՝ մինչեւ Ա լիգայի հաջորդ մրցաշրջանը նրանք Հայաստանում երկու ակումբ կհիմնեն, իրենց խմբակներով:
Պայմանավորվեցինք նաեւ, որ ՀԲԸՄ-ի հովանու ներքո գործող բասկետբոլային մարզադպրոցի պատանի բասկետբոլիստները պետք է գան Երեւան՝ ուսումնամարզական հավաքներ անցկացնելու: Գաղտնիք չէ, որ ՀԲԸՄ հիմնական նպատակն է ամրապնդել սփյուռքի հայ երեխաների կապը հայրենիքի հետ:
- Լիբանանում կա՞ն հայ բասկետբոլիստներ, որոնք մոտ ապագայում կհամալրեն Հայաստանի հավաքականները:
- Լիբանանում, այդ թվում հայկական բավական մեծ համայնքի կյանքում բասկետբոլը թիվ մեկ մարզաձեւն է, այն նույնիսկ գերազանցում է ֆուտբոլին: «Հոմենթմենի» տնային խաղերում դահլիճը լեփ-լեցուն է: Թիմի կազմում կայուն խաղաժամանակ են ստանում Սեւակ Քեթենջյանն ու Հայկ Գյոկչյանը (Հայաստանի ազգային հավաքականի նախկին մարզիչ Տիգրան Գյոկչյանի որդին է): Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը նրանց դիտարկում է որպես ազգային թիմի թեկնածուներ: Հնարավոր է, որ ամռանն այս երկու բասկետբոլիստները կարողանան միանալ մեր հավաքականին:
- Ի՞նչն է հետաքրքրում լիբանանահայերին, բացի հայրենիքի հանդեպ սիրուց: Ի՞նչը կարող է շարժառիթ հանդիսանալ Հայաստանում բասկետբոլային ակումբներ հիմնելու համար:
- Մեր լիգան մեծ ծախսեր չի պահանջվում: Լիբանանի առաջնությունում մրցունակ թիմ ունենալու համար պետք է ԱՄՆ-ից 3-4 խաղացող բերել եւ ունենալ առնվազն 1 միլիոն դոլար բյուջե: Մեր դեպքում նման բան չկա: Երկրորդը՝ Հայաստանում ավելի հեշտ կարող են նվաճել եվրագավաթներում խաղալու ուղեգիր: Լիբանանում մեկ տեղ է՝ Ասիայի չեմպիոնների լիգան:
Հետո, բազմաթիվ լիբանանահայ բասկետբոլիստներ կունենան խաղային պրակտիկա եւ կկարողանան առաջ շարժվել: Լիբանանում բասկետբոլով զբաղվում են հարյուրավոր հայ պատանիներ, սակայն նրանց ապագան բավական մշուշոտ է, քանի որ այնտեղ ակումբ գտնելը շատ բարդ խնդիր է:
-Վերջերս Հայաստանում էր ՖԻԲԱ Ասիայի գլխավոր քարտուղար Հակոբ Խաչերյանը: Նրա հետ համագործակցության ծրագրեր կա՞ն:
- Նա շատ ազդեցիկ անձնավորություն է համաշխարհային բասկետբոլում եւ մեծ հայրենասեր է: Վերջերս Խաչերյանը Երեւանում հանդիպել է ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանի հետ եւ նույնպես մեծ ցանկություն ունի նպաստելու Հայաստանում բասկետբոլի զարգացմանը: Բեյրութում եւս մեկ անգամ զրուցեցինք նրա հետ: Հակոբ Խաչերյանը բավական արդյունավետ աշխատանք է կատարում ՖԻԲԱ Ասիայում: Նրա հետ եկանք այն համոզմանը, որ ապագայում կունենանք լավ բասկետբոլ, եթե Հայաստանում զարգանա դպրոցական բասկետբոլը: Այս պահին կազմում ենք ծրագիր, որը ապագայում կփորձենք կյանքի կոչել: