Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությանն այս անգամ մասնակցեցին մեր բոլոր առաջատար ըմբիշները, բացի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանից:
Մի կողմից վաղուց ներհանրապետական առաջնությունն այդքան ներկայացուցչական կազմ չէր ունեցել, մյուս կողմից հետաքրքիր էր, թե Արթուր Ալեքսանյանի համար ինչու բացառություն արվեց:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականի մեկնաբանեց որոշումը.
«Մեզ մոտ ընդունված կարգ կա, որ աշխարհի ու Եվրոպայի բոլոր մեդալակիրներին Հայաստանի առաջնությանը մասնակցելու կամ չմասնակցելու հնարավորություն է տրվում: Բայց քանի որ ըմբշամարտում կանոնները եւ քաշային կարգերը փոխվել են, դրա համար բոլորն էլ մասնակցում են: Քանի որ մենք ամեն քաշային կարգում չունենք հինգ-վեց-յոթ լիդեր ըմբիշներ, փորձում ենք եղածը պահպանել եւ դրան ավելացնել, այլ ոչ թե կորցնել: Իսկ ինչ վերաբերում է Արթուր Ալեքսանյանին, նա իր քաշային կարգում, կարելի է ասել, Հայաստանում չունի մրցակից, որը նրան արժանի դիմադրություն ցույց կտար: Այնպես որ, Հայաստանի առաջնությունում մեկնարկելն իմաստ չունի: Սա ցավալի փաստ եւ իրականություն է»: