Դահուկավազքի եւ լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականներն այս օրերին մասնակցում են միջազգային մրցաշարերի եւ ուսումնամարզական հավաքներ անցկացնում: Հայ դահուկորդները պայքարում են 2018 թ. ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրերի համար:
Հայաստանի առաջատար դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը ծնկի վնասվածք ուներ եւ այժմ վերականգնողական փուլում է:
«Մինչեւ օլիմպիական խաղերի մեկնարկը նա ցանկություն ունի եւս մի քանի մրցաշարերի մասնակցել: Այդ հարցը կքննարկենք բժիշկների եւ մարզիչների հետ: Չնայած նա ունի բավականաչափ միավորներ եւ ապահովել է իր տեղը Փհենչհան-2018-ում:
Հունվարի 12-14-ը կկայանա դահուկավազքի Հայաստանի առաջնությունը, որտեղ եւս մեր դահուկավազորդները կկարողանան վարկանիշ ձեռք բերել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Սարգսյանը:
Նա տեղեկացրեց, որ հաջորդ տարվա մարտին Աշոցքում առաջին անգամ կանցկացնեն միջազգային մրցաշար, որն ավանդական բնույթ կկրի.
«Աշոցքը Հայաստանի երկրորդ վայրն է, որը փորձելու ենք զարգացնել մեր մարզաձեւի համար: Աշոցքի հետ կապված հեռահար նպատակներ ունենք: Ցանկանում ենք այն դարձնել դահուկավազքի կենտրոն»,- ասաց Գագիկ Սարգսյանը:
Պարադահուկային սպորտում Հայաստանը 2018թ. ձմեռային պարալիմպիկ խաղերի մեկ ուղեգիր ունի: Այն նվաճել է պարալեռնադահուկորդ Սասուն Հակոբյանը: