ՄԱՍՆԱԳԵՏԸ ՉԻ ԴԺԳՈՀՈՒՄ

11:57 - 05 Սեպ, 2024

Հայաստանը 10 մարզիկ էր գործուղել  Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնություն:

Ավագ մարզիչ, մոտ անցյալի նշանավոր վարպետ Մովսես Կարապետյանի գլխավորած թիմը  հուսախաբ չարեց իր երկրպագուներին: Առաջնային է այն, որ հայորդիները, անկախ իրենց մասնակցությամբ գոտեմարտերի ելքից,  աչքի ընկան տեխնիկական հնարքների կատարման  բազմազանությամբ  և տակտիկական ճկունությամբ:

Պատվո պատվանդան բարձրացան երևանցի Աշոտ Խաչատրյանը (72 կգ) և  գյումրեցի Յուրիկ Հովեյանը (63 կգ): Աշոտը գրավեց երկրորդ տեղը և ստացավ արծաթե մեդալ, իսկ Յուրիկը  ճանաչվեց երրորդը և պարգևատրվեց << բրոնզով >>:

Մրցանակակիրների մասին  կարծիք հարցրինք վաստակավոր մարզիչ, ֆիզկուկուլտուրային մայր բուհի ճանաչված դասախոս Կամո Կիրակոսյանից: Նա հակիրճ բնութագրեց  իր անձնական սանին ՝ փոխչեմպիոն Աշոտ Խաչատրյանին, որի գոտեմարտերին հետևել է Երևանից: Չի դժգոհում նրանից, մանավանդ որ նա չեմպիոնին վայել մրցելույթ է ունեցել և վճռական գոտեմարտը տանուլ է տվել 5 : 6 հաշվով: 

Վաստակաշատ զրուցակիցը  դրական գնահատեց  նաև գյումրեցի Յուրիկ Հովեյան ըմբիշի մարզական և մարդկային որակները: Նա նույնպես իր ընդհանուր պատրաստականությամբ արժանի էր  ավելի բարձրորակ մեդալի: Բայց գրաված երրորդ տեղն էլ մրցանակային է . . .

Հետաքրքիր զուգադիպությամբ նշած տղաները, մեդալների առումով, կրկնել են Եվրոպայի երիտասարդական առաջնության սցենարը:  

Մեր թիմը հայրենիք կվերադառնա առաջիկա գիշերը:

Պոնտեվեդրայի մրցագորգերի վրա գոտեմարտելու հերթը ազատ ոճի  ըմբիշներին է:  

Այլ նորություններ