Նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 1-ը Ծաղկաձորում կընթանա «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը, որը կանցկացվի A եւ B խմբերով (շվեյցարական մրցակարգ, ինը տուր): A խմբում հանդես կգա 69 շախմատիստ, B-ում՝ 86:
Մրցաշարին կմասնակցի 17 երկրի ներկայացուցիչ՝ այդ թվում 23 միջազգային գրոսմայստեր եւ նույնքան միջազգային վարպետ:
Նոյեմբերի 22-ին կայացած բացման արարողության օրն անցկացվեց կայծակնային մրցաշար՝ նվիրված միջազգային գրոսմայստեր, Հայաստանի ութակի չեմպիոն Աշոտ Անաստասյանի հիշատակին: Մրցաշարում հանդես եկավ 14 երկրի 200 շախմատիստ:
Հաղթող դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Արման Փաշիկյանը՝ 11 հնարավորից վաստակելով 9 միավոր: Նույնքան միավոր ունեցան եւս երեք շախմատիստներ, նրանց թվում՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, որը լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց երրորդ տեղը:
Կանանցից լավագույն արդյունք ցույց տվեց Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը (7 միավոր, 33-րդ տեղ):
Այսօր կկայանան առաջին տուրի պարտիաները:
Աղբյուրը՝ մրցաշարի պաշտոնական կայքի
Լուսանկարը՝ Էլինա Դանիելյանի անձնական արխիվից