Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում նոյեմբերի 23-ին կհյուրընկալվի Ալբանիային, իսկ երեք օր անց սեփական հարկի տակ կընդունի Դանիային:
Մեր ընտրանին կազմի հետ կապված որոշ խնդիրներ ունի: Առաջիկա խաղերին ազգային հավաքականին չեն կարողանա օգնել առանցքային խաղացողներ, որոնք հանդես են գալիս ԱՄՆ-ում.
«Տհաճ իրավիճակ է, բայց այս խնդիրն առկա է նաեւ այլ հավաքականներում: Ստեղծված իրավիճակում մեր շանսերը բնականաբար նվազում են: Բայց ոչ ոք ինձ վրա ճնշում չի գործադրում, ես էլ իմ հերթին չեմ ճնշում տղաներին:
Դրական ենք տրամադրված: Միակ բանը, որ կարող եմ խոստանալ՝ կանենք մեր առավելագույնը: Մենք դեռ պատասխան խաղեր ունենք հաջորդ տարի՝ փետրվարին եւ հունիսին: Ես համոզված եմ, որ մյուս խաղերին ավելի ուժեղ կլինենք: Հատկապես հունիսին, երբ կազմի հետ կապված խնդիրներ չեն լինի, եւ կունենանք մեր երազանքի թիմը:
Մենք կայացման փուլում ենք: Դեռ երկու տարի առաջ այս թիմը գոյություն չուներ: Ես հույս ունեմ, որ ապագայում նման կադրային խնդիրների հետ չենք բախվի: Ոչ ոք չէր հավատում, որ մենք կարող ենք հաղթել Սլովակիային եւ Շվեդիային, բայց մենք դա արեցինք»,- լրագրողների հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը:
Առաջիկա մրցակցի հետ մեր ընտրանին ծանոթ է: Թիմերն այս տարի երկու ընկերական հանդիպում են անցկացրել, եւ Հայաստանը հաղթել է երկուսում էլ: Բավցեւիչի կարծիքով՝ ալբանացիները բավականին կոպիտ են գործում, բայց չպետք է վախենալ մրցակցից եւ խաղալ հնարավորինս լավ.
«Ալբանիան ունի նոր մարզիչ, մի քանի նոր խաղացողներ: Նոր կազմով հանդիպումներ չեն անցկացրել, որ կարողանանք ավելի խորն ուսումնասիրել նրանց խաղը»,- ասաց Նիկշա Բավցեւիչը: