ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը Վանաձորում ներկա է գտնվել ազգային կոխ ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը։ Հրաչյա Ռոստոմյանը կարեւորում է ազգային մարզաձեւերի պահպանումը։ Նախարարը հաճելիորեն զարմացած է.
«Կառավարության որոշումով մշակել ենք հայկական կոխ ըմբշամարտի հայեցակարգ, որի մեջ կա միջոցառումների ցանկ։ Դրանցից մեկն է՝ Հայաստանի առաջնության անցկացումը։ Առաջնության արդյունքներով կձեւավորվի ազգային հավաքականը, որը մեր երկիրը կներկայացնի միջազգային մրցաշարերում։
Բարձր եմ գնահատում առաջնության մակարդակը։ Անկեղծ ասած չէի սպասում, որ այսքան մասնակից կլինի (շուրջ 100 մարզիկ)։ Առաջնությունը, նաեւ լավ կազմակերպված է։
Մրցավայր ընտրել ենք Վանաձոր քաղաքը, քանի որ այն կոխ ըմբշամարտի կենտրոններից է։ Մենք պետք է պահպանենք ազգային մարզաձեւը։ Մի պահ կորցրել էինք այն, հիմա վերագտել ու վերականգնում ենք։ Հաջորդ քայլը կլինի ամրապնդումը։ Դրանից հետո էլ՝ համաշխարհային ճանաչում ձեռք բերելը»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը։
Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ նախարարությունը նպատակ ունի ազգային առաջնությունները մայրաքաղաքից տեղափոխել մարզեր, ինչը կխթանի սպորտի մասսայականացմանը։