Ծանրամարտի Հայաստանի Մ 20 եւ Մ 23 տարեկան տղաների եւ աղջիկների հավաքականներն այս գիշեր վերադարձան Երեւան:
Մեր հավաքականները, ոչ ամբողջական կազմերով մասնակցելով Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, ընդհանուր առմամբ նվաճեցին 32 մեդալ, որից 18-ը՝ ոսկե, 8-ը՝ արծաթե, 6-ը՝ բրոնզե:
«Զվարթնոց» օդանավակայանում մեր ծանրորդներին դիմավորեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ, ծանրորդների հարազատներն ու ընկերները, մարզասերներ:
«Մեր մարզիկների տարած հաղթանակները միայն հպարտություն են առաջացնում եւ մեկնաբանության կարիք չունեն: Կատարվող աշխատանքն արդյունքները տալիս է: 18 ոսկե, 8 արծաթե, 6 բրոնզե մեդալը շատ պատկառելի արդյունք է: Առավել եւս, որ Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին ծանրամարտի բոլոր ուժեղագույն երկրները:
Սիմոն Մարտիրոսյանն Ալբանիայում պոկում վարժությունում կրկնեց իր տարիքային խմբի Եվրոպայի ռեկորդը, իսկ հրում վարժությունում նոր բարձրագույն նվաճում սահմանեց: Եթե նա այդ արդյունքը ցույց տար Ռիո դե Ժանեյրոյում, օլիմպիական չեմպիոն կդառնար: Մեր ներկայիս 20 եւ 23 տարեկան չեմպիոնները ցույց տվեցին, որ մրցակից չունեն: Նրանք պետք է մասնակցեն Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերին եւ այնտեղ էլ աշխատեն նույնն ապացուցել»,- լրագրողներին ասաց Գագիկ Ծառուկյանը: