Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը լիահույս է աշխարհի վարկանիշային առաջնությունից առաջ:
«Վիրահատությունիցս 2-3 ամիս անց սկսեցի մարզվել, սակայն ծանրաձողով լիարժեք սկսել եմ մարզվել միայն հունվարից: 9 ամիս է, ինչ մարզվում եմ և բավականին լավ մարզավիճակ եմ ձեռք բերել: Հիմա մեջքս ինձ այդքան շատ չի խանգարում: Լիահույս եմ՝ հետագայում ավելի մեծ արդյունքների կհասնեմ, քան այն ժամանակ, երբ նոր էի վերադարձել մարզումների:
Պետք է իրատես լինենք մեր հնարավորությունների հարցում: Հիմա բարձրացրածս կիլոգրամներով մեդալների համար չեմ կարող պայքարել: Գնում ենք օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու: Իմ կարծիքով այդքան էլ հեշտ չէ աշխարհի չեմպիոն դառնալուց 6 տարի անց, մի քանի ամիս մարզվելուց հետո, նորից հին կիլոգրամները բարձրացնել»,-ՀԱՕԿ լրատվության բաժնի լրագրողի հետ զրույցում ասաց Ավդալյանը:
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականն Աբովյանի մարզաբազայում նախապատրաստվում է աշխարհի վարկանիշային առաջնությանը: Աբովյանում ընթացող ուսումնամարզական հավաքը, որն անց է կացվում հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի և Արման Ղազարյանի (Հռիփսիմե Խուրշուդյանի անձնական մարզիչ) գլխավորությամբ, կավարտվի հոկտեմբերի 25-ին:
Հոկտեմբերի 29-ին հավաքականը կմեկնի Կազան՝ հերթական ուսումնամարզական հավաքի: Իսկ արդեն նոյեմբերի 16-ին թիմը կմեկնի Հյուսթոն՝ աշխարհի առաջնության: Հայաստանն այդ առաջնությանը կներկայացնեն Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելլա Յայլյանը (58 կգ), Նազիկ Ավդալյանը (69 կգ), Սոնա Պողոսյանը (75 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (75+ կգ): Աշխարհի առաջնությունը մեկնարկում է նոյեմբերի 20-ին և կեզրափակվի նոյեմբերի 28-ին:
ՀԱՕԿ լրատվության բաժին