Սպորտային մարմնամարզության 2021թ․ Եվրոպայի առաջնությունը կանցկացվի առանց հանդիսատեսի: Այս մասին հայտնում է մարմնամարզության եվրոպական միությունը։
Մրցաշարը նախատեսված է Շվեյցարիայի Բազելում՝ ապրիլի 21 - 25-ը։ Առաջնության կազմկոմիտեի ղեկավար Կատրին Ամակերը ափսոսանք է հայտնել դատարկ տրիբունաների << ուղեկցությամբ >> մրցաշար անցկացնելու համար: Այնուամենայնիվ, առավել թանկ է մարդու առողջությունը:
Սա կարևոր է մեզ համար: Բանն այն է, որ ինչպես զրույցի ժամանակ ասաց ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը, մեր թիմին առաջիկայում լուրջ քննություններ են սպասվում:
Դոհայում մարտի ութին կմեկնարկի աշխարհի գավաթի խաղարկության վերջին ՝ ութերորդ փուլը: Այն օլիմպիական վարկանիշային է և առանձին գործիքների մրցումներում լավագույն արդյունքներ ցույց տվող մարմնամարզիկները կստանան Տոկիո մեկնելու ուղեգիր: Հայաստանը կներկայացնեն Արթուր Դավթյանը,Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը: Գլխավոր մարզիչը և Արթուր Գյուրջինյանը կաշխատեն մրցավարական հանձնաժողովում, իսկ Հայկ Նազարյանն ու Կարեն Բաղդասարյանը կկատարեն մարզչի պարտականությունները:
Հայրենիք վերադառնալուց հետո թիմը ապրիլի մեկից 14 – օրյա ուսումնամարզական հավաքի կմեկնի Մինսկ կամ՝ Թբիլիսի: Մարզումները կանցնեն Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու նպատակով: Կհաջորդի ուղևորությունը Բազել, որտեղ Եվրոպայի առաջնության մեդալներից բացի, կորոշվեն բազմամարտի երկու ուղեգրերի տերերը: Նախատեսվում է պայքարի հանել մեր հետևյալ հնգյակին. հնաբնակներ Արթուր Դավթյան ,Վահագն Դավթյան, Արթուր Թովմասյան, նորեկներ Արթուր Ավետիսյան և առաջին անգամ մեծահասակների հավաքականը համալրած Գագիկ Խաչիկյան:
Հիշեցնենք, որ առայժմ ունենք չորս օլիմպիական ուղեգիր, որից մեկի հեղինակը մեր առաջատար բազմամարտիկ Արթուր Դավթյանն է: