«Շնորհավորում եմ բոլորիս Լեւոն Արոնյանի հիանալի հաղթանակի կապակցությամբ: Եւս մեկ անգամ ապացուցվեց, որ Հայաստանը շախմատային գերտերություն է: Հույս ունեմ՝ ի վերջո Լեւոնը կնվաճի աշխարհի չեմպիոնի կոչումը»,- ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Լրագրողների հետ հանդիպմանը նախարարն ամփոփեց պաշտոնավարման մեկ տարին.
«Մեր թիրախային խնդիրներից մեկը եղել է սպորտի մասսայակայանցումը, որին ուղղված ծրագրերին մասնակցողների թիվը մոտ երկու անգամ աճել է: Բացօթյա մարզումներ ենք անցկացնում Երեւանում,Աբովյանում, Հրազդանում, Գյումրիում: Չինաստանի դեսպանատան հետ համատեղ Վանաձորում ավարտել ենք մարզահրապարակի կառուցումը: Մինչեւ տարեվերջ երկու քաղաքում պատրաստ կլինեն սպորտային հրապարակները: Այս տարի բացվեցին Օլիմպավանի լողավազանը եւ խաղային երկու դահլիճները: Կառավարությունից ստացել ենք 668 հանձնարարական, որից 615-ը կատարել ենք ամբողջությամբ եւ որակով, իսկ մյուսներն ընթացքի մեջ են:
Հրաչյա Ռոստոմյանի խոսքով, դեռեւս առկա են 2008 եւ 2012 թթ. օլիմպիական խաղերում ծանրորդների դոպինգի օգտագործման պատճառով առաջացած խնդիրները.
«2012 թվականից հետո ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ ստեղծվեց հակադոպինգային կենտրոն, որն այսօր Արեւելյան Եվրոպայի առաջատար կազմակերպություններից է: 2013 թ-ից սկսած մեր բոլոր առաջատար մարզիկների մոտ դոպինգ թեստերը դրական արդյունք չեն տվել:
Սպասում ենք ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստին, որտեղ քննարկվելու է այս տարվա աշխարհի առաջնությունում նաեւ Հայաստանի մասնակցության հարցը: Այնպես որ, վտանգ դեռ կա»:
Հրաչյա Ռոստոմյանն ասաց, որ պաշտպանության նախարարի հետ քննարկել են մարզիկների զինվորական ծառայության հարցն ու գտել տարբերակ.
«Մարզիկները ստանալու են չորս տարվա տարկետում: Նրանք այդ ընթացքում պետք է ավելի լավ եւ նպատակաուղղված մարզվեն, կարողանան միջազգային հարթակներում մեդալներ նվաճել, որպեսզի տարկետման իրավունքը եւս չորս տարով երկարաձգվի:
Այն մարզիկները, որոնք այդ ընթացքում չկարողանան մեդալ նվաճել, կամ Եվրոպայի առաջնություններում զբաղեցնել առնվազն 5-րդ տեղը՝ կզորակոչվեն բանակ:
Օլիմպիական չեմպիոններն ու մեդալակիրները, աշխարհի չեմպիոնները, այսպես ասած, համարվում են որպես զինվոր, որոնք իրենց պարտքը հայրենիքի առջեւ կատարել են»:
Նախարարը նշեց, որ շուտով կկարգավորվի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի հարցը, որը վերանորոգման ենթակա չէ.
«Կոսմետիկ նորոգումն անիմաստ է: Պետք է նոր կենտրոն կառուցել անհրաժեշտ բոլոր պայմաններով: Շուտով պատրաստ կլինի շինության գծագիրը, որը կներկայացվի ՀՀ նախագահին: Հավանության արժանանալու դեպքում հաջորդ տարի կսկսվի կառուցումը», - տեղեկացրեց Հրաչյա Ռոստոմյանը:
Նախարարի խոսքով, սխալ է այն կարծիքը, թե հայ մարզիկները փայլում են միայն մենապայքարային մարզաձեւերում.
«Իհարկե, Հայաստանում հնարավոր է զարգացնել խաղային մարզաձեւերը: Պարզապես հարկավոր է սրտացավ վերաբերմունք եւ պրոֆեսիոնալ մոտեցում: Բասկետբոլի օրինակով մենք դա ապացուցեցինք: Պետք չէ ափսոսալ մարզչին վճարվող մեծ գումարը, քանի որ մարզչի դերը ահռելի է:
Ծանրամարտի եւ ըմբշամարտի ֆեդերացիաներն այսօր գտնվում են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո: Հակառակ դեպքում մենք լուրջ խնդիրների առջեւ կկանգնեինք: Քանի դեռ կա Գագիկ Ծառուկյանը մեր ֆեդերացիաներն անտեր չեն մնա»,- ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: