Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը Աբովյանի մարզաբազայում նախապատրաստվում է աշխարհի վարկանիշային առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի խոսքով՝ թիմը Հյուսթոն է մեկնում 2-3 օլիմպիական վարկանիշի հետևից:
«Մենք աշխարհի առաջնությանն ենք գնում առաջին հերթին օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար: Թեպետ, եթե չհաջողվի վարկանիշ ձեռք բերել, մենք ունենք ևս մեկ հնարավորություն. դա Եվրոպայի առաջնությունն է: Ցանկություն ունենք այս տարի Օլիմպիական խաղերի հետ կապված բոլոր «հարցերը լուծել»: Մեր խնդիրը 2-ից 3 օլիմպիական վարկանիշ ձեռք բերելն է: Առավել լավ կլինի, որ 3 վարկանիշ ունենանք: Աշխարհի առաջնության ենք մեկնում 5 մարզիկով, բայց վարկանիշների համար կպայքարեն միայն երեքը: Մենք հնարավորություն ենք տալիս նաև երիտասարդներին, ինչպես օրինակ Սոնա Պողոսյանին, ով այս տարի մասնակցել է նաև պատանիների Եվրոպայի առաջնությանը: Ինչ վերաբերում է մեդալների համար պայքարին՝ կարող եմ ասել, որ Նազիկ Ավդալյանը դեռ նոր է վերադարձել: Նա վերսկսել է մարզումները հունվարից: Նազիկի վերականգնման գործընթացը շատ արագ է ընթանում և հիմա նա հասել է իր հնարավորությունների 90 տոկոսին: Հնարավոր է, որ մեզ հաջողվի հասնել այն կիլոգրամներին, որով կկարողանանք պայքարել մեդալների համար: Մեր նպատակը՝ մինչև Ռիոյի Օլիմպիական խաղերը լավագույն մարզավիճակ ձեռք բերելն է»,- ՀԱՕԿ լրատվականի լրագրողի հետ զրույցում ասաց Ներսիսյանը:
Աբովյանում ընթացող ուսումնամարզական հավաքը, որն անց է կացվում հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի և Արման Ղազարյանի (Հռիփսիմե Խուրշուդյանի անձնական մարզիչ) գլխավորությամբ, կավարտվի հոկտեմբերի 25-ին: Հոկտեմբերի 29-ին հավաքականը կմեկնի Կազան՝ հերթական ուսումնամարզական հավաքի: Իսկ արդեն նոյեմբերի 16-ին թիմը կմեկնի Հյուսթոն՝ աշխարհի առաջնության: Հայաստանն այդ առաջնությանը կներկայացնեն Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելլա Յայլյանը (58 կգ), Նազիկ Ավդալյանը (69 կգ), Սոնա Պողոսյանը (75 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (75+ կգ):
Լուսանկարներն՝ այստեղ:
ՀԱՕԿ լրատվության բաժին