Հովհաննես Դավթյան. Մեդալից գոհ եմ, չնայած կարող էր ավելի լավ լինել

14:14 - 18 Սեպ, 2017

Սլովենիայի Մարիբոր քաղաքում կայացած ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող չորս ձյուդոյիստներից միայն Գրիգոր Սահակյանին (90 կգ) հաջողվեց բրոնզե մեդալ նվաճել:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանն ասաց, որ գոհ է մեդալից, չնայած ընդհանուր արդյունքը կարող էր ավելի լավ լինել.

«Ցանկացած մեդալ Եվրոպայի առաջնությունում արդեն հաջողություն է: Գրիգոր Սահակյանը որոշակի հանգամանքներում կարող էր ավելի բարձր տեղ զբաղեցնել: Քառորդ եզրափակչում նա եզրափակիչ փուլ հասած ուկրաինացուն զիջեց միայն լրացուցիչ ժամանակում: Կարծում եմ՝ Գրիգորի ուժերի սահմաններում էր անցնել եզրափակիչ եւ հաղթել ֆրանսիացի ձյուդոյիստին:

Ինչ վերաբերում է մյուս ձյուդոյիստներին, նրանցից եւս մրցանակային տեղերի սպասումներ ունեի: Սակայն տարբեր պատճառներով տղաները չկարողացան հաջողության հասնել: Կշարունակենք աշխատել: Հոկտեմբերի 18-ից 22-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կմասնակցենք աշխարհի առաջնությանը: Մինչ այդ նախատեսում ենք ուսումնամարզական հավաք անցկացնել: Կցանկանայինք արտերկում անել, դրա համար էլ հստակ տեղը դեռ չեմ կարող ասել: Աշխարհի առաջնությունում հանդես կգանք 1-2 քաշային կարգերում»,-հայտնեց մարզիչը:

 

Լուսանկարը՝ ձյուդոյի եվրոպական միության

Այլ նորություններ