Ես մեծ ցանկություն ունեմ մասնակցելու հաջորդ Օլիմպիական խաղերին. Եվգենի Պլյուշչենկո

14:55 - 20 Հոկ, 2015

Օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի առաջնության եռակի, Եվրոպայի առաջնության բազմակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն մեծ ակնկալիքներ ունի Երևանում կայանալիք «Սառույցի թագավորներ» շոու-ծրագրից:

«Դեռևս 2008 թվականին Հայաստանում ունեցել եմ ցուցադրական 2 ելույթ, որոնք մեծ արձագանք գտան այստեղ: Հիմա նորից դադար եմ վերցրել մարզական մրցաշարերից և բաց կթողնեմ այս մրցաշրջանը: Փոխարենը համաշխարհային շրջագայության եմ մասնակցում, որն արդեն մեկնարկել է: Երևանում հաջորդ ամիս կայանալիք ներկայացման ժամանակ ձեզ կներկայանամ նոր շոու-ծրագրով: Կփորձենք զարմացնել հանդիսատեսին և հասկանալ նրանց արձագանքը: Ինձ հետ ամեն ինչ կարգին է: ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվում, որ Պլյուշչենկոն կրկին կվիրահատվի, բայց ես լավ եմ, ամեն ինչ կարգին է: Շարունակում եմ մարզվել»:

«Ես մեծ ցանկություն ունեմ մասնակցելու հաջորդ Օլիմպիական խաղերին, առաջին հերթին ինքս ինձ ապացուցելու համար, որ դա հնարավոր է անել (2018 թվականի Օլիմպիական խաղերը Պլյուշչենկոյի համար կլինեն 5-րդ խաղերը): Իհարկե, սարսափելի դժվար կլինի, բայց ինչո՞ւ ոչ: Հուսեյն Բոլտը, Մայքլ Ֆելպսը, Ելենա Իսինբաևան յուրօրինակ են, ես ևս կփորձեմ ինչ-որ չափով նրանց հասնել»:

«Ցավոք սրտի, Հայաստանում չկան գեղասահքի համար նախատեսված սահադաշտեր: Մենք ժամանակին փորձեցինք «Պլյուշենկո»-ի անվան մարզադպրոց բացել այստեղ, սակայն եթե տարվա մեջ միայն մեկ ամիս կարող ես սահել այդ սառույցի վրա, ապա երեխան չի կարող մարզվել: Հայաստանը ժամանակին լավ մարզիկներ ուներ, ինչպես օրինակ իմ մենեջեր Արի Զաքարյանն էր: Պարզապես ղեկավար այրերը պետք է աջակցություն ցուցաբերեն մարզաձևի զարգացմանը: Միայն ֆուտբոլ և շախմատ խաղալով պետք չէ սահմանափակվել»:

«Ես շատ ընկերներ ունեմ Երևանում: Նոյեմբերին կայանալիք շոու-ծրագրից հետո կշրջենք երկրով մեկ: Նախորդ անգամ այցի ժամանակ մենք եղել ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում: Դուք հրաշալի կառույցներ ունեք, ինչպիսին մարզահամերգային համալիրն է: Դեռևս 2008-ին, երբ եղա Հայաստանում, շոու ծրագրում համար ունեի «Իմ Հայաստան» երգի ուղեկցությամբ: Որն, ի դեպ, իմ սիրելի երգն է: Ես այն իմ «Այփադ»-ում (Ipad) ունեմ»: 

«Սառույցի թագավորները» շոու-ծրագիրը կկայանա նոյեմբերի 20-ին մարզահամերգային համալիրում, բացի Պլյուշենկոյից ծրագրում հանդես կգան նաև էստրադային ջութակահար Էդգար Հակոբյանը,Տիգրան Պետրոսյանը, սառցե ակրոբատ Սերգեյ Յակիմենկոն և հայ գեղասահորդներ աշխարհի տարբեր երկրներից:

 

 

  

 

Այլ նորություններ