«Մեր ըմբիշների մրցելույթներն աշխարհի առաջնությունում ստացված են: Մեդալները եւ հաղթանակները համարում եմ գերազանց արդյունք: Բայց, նաեւ չկա աշխատանք առանց բացթողումների»,- ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:
Աշխարհի չեմպիոններ Մաքսիմ Մանուկյանի (80 կգ) եւ Արթուր Ալեքսանյանի (98 կգ) պարգեւատրման արարողությունից հետո մարզիչը լրագրողների հետ զրույցում ամփոփեց տարվա գլխավոր ստուգատեսի արդյունքները.
«Ընդհանուր առմամբ գոհ եմ հավաքականի ելույթներից: Աշխարհի առաջնությունից առաջ Արթուր Ալեքսանյանի վրա մեծ ճնշում կար՝ վնասվածքներ, սայթաքում Եվրոպայի առաջնությունում: Բայց մենք նրանից մեծ սպասելիքներ ունեինք, իսկ նա եւս մեկ անգամ արդարացրեց իրեն: Արթուրն ապացուցեց, որ այդ քաշային կարգում ինքը լավագույնն է:
Մաքսիմ Մանուկյանը մեկ շնչով անցկացրեց բոլոր գոտեմարտերը, տեխնիկական գեղեցիկ ու բազմաթիվ հնարքներով: Բոլորը հիացած էին: Մաքսիմի հնարքներից հետո UWW-ն (Ըմբշամարտի համաշխարհային միությունը) գուցե հրաժարվի փոխել ներկայիս կանոնները: Բայց, նման տաղանդներ քիչ են լինում: Մաքսիմ Մանուկյանի եւ Արթուր Ալեքսանյանի հնարքներն այս առաջնությունում ճանաչվեցին ամենագեղեցիկը:
Մաքսիմ Մանուկյանը լուրջ ճանապարհ է անցնել: Մինչեւ աշխարհի առաջնությունը նրան փորձարկել էինք 80 կգ քաշային կարգում եւ համոզվել, որ առավելություն ունի մրցակիցների նկատմամբ:
Անդրադառնամ նաեւ մյուս ըմբիշներին: 59 կգ քաշային Վազգեն Խաչատրյանը դեռ շատ պետք է աշխատի: Նա հեռանկարային մարզիկ է, բայց շատ թերություններ ունի:
66 կգ Կարեն Ասլանյանը լավ գոտեմարտեր ունեցավ: Արդյունքը գովելի է՝ աշխարհի առաջնության 5-րդ տեղ: Նրա հետ զրուցել եմ, բացատրել թերությունները, որոնց վրա պետք է աշխատի: Այլապես նրա հաջողությունը թերի կլինի: Նա մեծ հնարավորություններ ունի, տաղանդավոր մարզիկ է: Ասլանյանը սխալները շտկելու դեպքում անպայման արդյունքի կհասնի:
Ինձ համար զարմանալի եւ անհասկանալի էր Վարշամ Բորանյանի մասնակցությունը (71 կգ): Մարզիչներով վերլուծել ենք նրա գոտեմարտը, երեւի նա չկարողացավ ճիշտ կատարել քաշի կարգավորումը: Ակնկալում էինք, որ նա պետք է մեդալի համար պայքարեր:
75 կգ Կարապետ Չալյանից նույնպես մեդալի ակնկալիք ունեինք: Պարտվեց սերբ ըմբիշին, որը դարձավ աշխարհի չեմպիոն: Թեթեւ սայթաքում տեղի ունեցավ, որը լուրջ վրիպում ստացվեց: Ըմբշամարտի այսօրվա օրենքներն այդպիսին են: Մտածում էի, որ նա եզրափակչում կլինի: Ամեն դեպքում գոհ եմ Չալյանի մրցելույթներից:
85 կգ Արթուր Շահինյանն առաջին գոտեմարտում վստահ հաղթեց: Երկրորդում մրցավարները հաղթանակը շնորհեցին մրցակցին: Ամեն դեպքում, Շահինյանի առավելությունն իսկապես ակնհայտ էր»,- նշեց Լեւոն Ջուլֆալակյանը:
Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում հունահռոմեկան ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նվաճել է երկու ոսկե մեդալ: