ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար եւ Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է ֆեդերացիայի նախագահության ու մարզչական խորհրդի անդամների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են ֆեդերացիայի ընթացիկ աշխատանքները եւ հետագա ծրագրերը:
ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել ֆեդերացիայի ղեկավարությանը՝ կատարած աշխատանքի համար եւ հույս հայտնել, որ հետագայում եւս հայ մարզիչների արհեստավարժությունը հնարավորություն կտա մեր մարզիկներին պատվով ներկայացնել Հայաստանը միջազգային հեղինակավոր մրցաշարերում.
«2017 թվականի աշխարհի առաջնությունում մեր մարզիկների մասնակցությունը գնահատում եմ լավ: Ունեցանք աշխարհի երկու չեմպիոն եւ երկու բրոնզե մեդալակիր: Սա ինչպես մարզիկների, այնպես էլ մարզիչների քրտնաջան աշխատանքի արդյունքն է»,- ասել է Հրաչյա Ռոստոմյանը:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը եւ ազատ ոճի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատարը Հրաչյա Ռոստոմյանին ներկայացրել են հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպած ուսումնամարզական հավաքների եւ մարզիկների անհատական մարզումների ընթացքը, տեղեկություն ներկայացրել իրականացված կազմակերպչական այլ աշխատանքների վերաբերյալ: