Նիկշա Բավցեւիչ․ Այս տուրից հետո շատ հարցերի պատասխաններ կստանանք

19:00 - 12 Օգո, 2017

«Կարծում եմ, որ հաղթանակի դեպքում մենք գործնականում կապահովենք մեր տեղը հաջորդ փուլում»,-Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությանն ասել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը:

Այսօր կայանալիք 2019 թ. աշխարհի առաջնության նախընտրական փուլի Սլովակիա-Հայաստան հանդիպումից առաջ Բավցեւիչը մեկնաբանություն է տվել առաջիկա խաղի վերաբերյալ․

«Առաջիկա հանդիպումը շատ կարեւոր է մրցող թիմերի համար։ Կարծում եմ, որ հաղթանակի դեպքում մենք գործնականում կապահովենք մեր տեղը հաջորդ փուլում։ Բավական հավասար խումբ է, որտեղ տանտերերըհաղթել են բոլոր խաղերում։ Մենք այս պահին լավ իրավիճակում ենք, քանի որ հաղթել ենք տնային երկու խաղում։ 4-րդ տուրի մյուս խաղում Բոսնիա եւ Հերցեգովինան հյուրընկալելու է Շվեդիային։ Այս տուրից հետո շատ հարցերի պատասխաններ կստանանք։

Սլովակիայի հավաքականին լավ ենք ծանոթ, քանի որ օգոստոսի 2-ին մրցել ենք նրանց հետ Երեւանում։ Հավասար կազմ ունենք, որտեղ առանձնանում է Ռանչիկը՝ Սլովակիայի պատմության լավագույն բասկետբոլիստը։ Եթե Սլովակիան պարտվի, ապա 90 տոկոսով դուրս կմնա հետագա պայքարից, ուստի սանրանց համար լինել կամ չլինելու խաղ է։

Ցավոք, մենք որոշակի կադրային խնդիրներ ունենք։ Ալան Հեսը վնասվածքի պատճառով չմասնակցեց Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ խաղին։ Նա սկսել է մարզվել եւ խաղը ցույց կտա, թե որքանով է վերականգնվել։ Վերջին խաղում գլխին հարված էր ստացել Անդրանիկ Չրաբաշը եւ նրա մասնակցությունը հարցականի տակ է։ Խաղից առաջ կտեսնենք, թե արդյոք Չրաբաշը պատրաստ է խաղին։

Եթե մենք ցանկանում ենք հաղթել, ապա չպետք է թույլ տանք մրցակցին վաստակել 70-ից ավելի միավոր։ Պետք է պաշտպանությունում շատ ուշադիր լինենք եւ առավելագույնս կենտրոնացած գործենք»։

Սլովակիա-Հայաստան հանդիպումը կկայանա Բրատիսլավայի «Հանտ Արենայում» եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:00-ին:

 

Լուսանկարը՝ ՀԲՖ-ի 

Այլ նորություններ