Արեգ Վաթյան. Առաջին հաղթանակից հետո թիմում մթնոլորտը միանգամից փոխվեց

15:10 - 03 Օգո, 2017

Բասկետբոլի Մ 16 տերական տղաների Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Արեգ Վաթյանի համար Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում չեմպիոն դառնալն ինչ-որ տեղ անսպասելի էր: Մարզիչն անկեղծանում է` մինչեւ առաջնությունը մի փոքր մտավախություն ուներ.

«Պատրաստվելու շատ կարճ ժամանակ ենք ունեցել: Վերլուծելով նախորդ տարվա թիմի մրցակիցներին՝ մենք պարզ գիտակցում էինք ուր ենք գնում եւ ինչ խնդիրներ ունենք:

Այս տարի կարողացանք հաջող հանդես գալ: Հաջողության հասնելու հավատը մեզանում ավելանում էր խաղից խաղ: Ջիբրալթարի նկատմամբ առաջին հաղթանակից հետո թիմում մթնոլորտը միանգամից փոխվեց. մենք հավատացինք, որ կարող ենք հասնել մինչեւ եզրափակիչ:

Իհարկե, յուրաքանչյուր մարզիչ ցանկանում է հաղթել, բայց իրավիճակը ռեալ գնահատելով մի քիչ մտավախություն ունեի: Մեզ շատ օգնեցին Թբիլիսիում Վրաստանի հավաքականի հետ անցկացրած ընկերական խաղերը: Հակառակ դեպքում, դժվար թե կարողանայինք հաջող հանդես գալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արեգ Վաթյանը

Մարզչի կարծիքով` առաջնության լավագուն բասկետբոլիստ Գեորգի Շախնազարովը փայլուն է մասնակցել խաղերին եւ լավագույն խաղացողի մրցնակն արժանիորեն ստացել.

«Գեորգի Շախնազարովը մեր թիմի հոգին էր եւ լավագույն խաղացողը: Լինելով բասկետբոլի համար կարճահասակ` 182 սմ, նա բոլորին զարմացրեց իր արդյունավետությամբ եւ խաղային որակներով: Գեորգին հանդես էր եկել նաեւ Մ18 տարեկանների հավաքականում: Դա նրան օգնեց ուժերը ճիշտ գնահատել»,- նշեց Արեգ Վաթյանը:

 

Այլ նորություններ