Հուլիսի 18-ից 27-ը Պորտուգալիայի Անադիա քաղաքում կանցկացվի հեծանվահրապարակի երիտասարդների (Մ 19) եւ Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Մրցաշրջանի առաջին կարեւոր մեկնարկին Հայաստանից կմասնակցեն Ռոբերտ Խաչատրյանը, Լեւոն Լավչյանը ( Մ 19) եւ Էդգար Ստեփանյանը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրանիկ Առուստամյանը հայտնեց, որ հավաքականն իր գլխավորությամբ Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք է անցկացրել.
«Մասնակցեցին հեծանվորդներ, որոնք պետք է հանդես գան Եվրոպայի առաջնությունում, ինչպես նաեւ Հունգարիայում կայանալիք պատանեկան Եվրոպական ամառային օլիմպիական փառատոնում: Մենք խճուղում երկու շաբաթ լավ աշխատեցինք: Տղաներն ի վիճակի են Պորտուգալիայում բարձր տեղերի համար պայքարել: 14-ի լույս 15-ի գիշերը կմեկնենք այնտեղ:
Օլիմպիական փառատոնին կմասնակցեն Ամու Ասուբովը, Հովհաննես Երանոսյանը եւ Հենրիկ Երանոսյանը, որոնք հանդես կգան խճուղային հեծանվավազքում: Տղաները միջազգային փորձի պակաս ունեն, բայց աշխատել եմ լավագույնս նախապատրաստել նրանց: Հունգարիայում նրանց կուղեկցի մարզիչ Դավիթ Մկրտչյանը` Մհեր Մկրտչանի եղբայրը»,-ասաց Անդրանիկ Առուստամյանը:
Մեր առաջատար հեծանվորդ Մհեր Մկրտչյանը շարունակում է մարզվել ֆրանսիայում` հանդես գալով տեղի ակումբում: Հուլիսի 26-ին նա կմասնակցի Կոտ ԴՙԻվուարում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերին: Նրա հետ միասին մեկօրյա խճուղային հեծնավազքում հանդես կգա Էդգար Ստեփանյանը, որը Մհերին կմիանա մայրցամաքի առաջնության ավարտից անմիջապես հետո: