ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այսօր հանդիպել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի անդամների հետ եւ քննարկել ֆեդերացիայի հետագա գործունեության ծրագրերը: Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի հրաժարականից հետո ֆեդերացիայի աշխատանքները համակարգելու է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:
«ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆինանսական աջակցությունը հնարավորություն կտա պահպանելու ֆեդերացիայի բնականոն աշխատանքը՝ ապահովելով մեր մարզիկների ուսումնամարզական հավաքների անցկացումը, նրանց մասնակցությունը միջազգային մրցաշարերին, Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին»,- ասել է Հրաչյա Ռոստոմյանը:
Նրա խոսքերով՝ ըմբշամարտը մեր հենակետային մարզաձեւերից է, եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ իրականացնում է քննարկումներ ինչպես հունահռոմեական, այնպես էլ ազատ ոճերի ըմբշամարտերի ազգային հավաքականների մարզիչների հետ:
«Մենք իրավունք չունենք ուշադրությունից դուրս թողնել այս մարզաձեւը, եւ այն մշտապես գտնվելու է սպորտի ոլորտի ղեկավարության տեսադաշտում: Վստահ եմ՝ հայ ըմբիշները մեզ դեռ կուրախացնեն ամենահեղինակավոր մրցագորգերում տարած հաղթանակներով եւ ամենաբարձր հարգի մեդալներով»,- նշել է Հրաչյա Ռոստոմյանը: