Խոցասուսերակիր Էմմա Պողոսովան սուսերամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում առաջին անգամ տեղ զբաղեցրեց ութ ուժեղագույնների մեջ: Սա անկախ Հայաստանի պատմության մեջ լավագույն արդյունքն է:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Պողոսովան ասաց, որ քառյակում հայտնվելու շանս ուներ, սակայն արդեն գերհոգնած էր.
«Մրցակիցներս աստիճանաբար ավելի ուժեղ էին դառնում: Ամենադժվար մենամարտն ամերիկացի սուսերամարտիկի հետ էր: Գիտակցում էի այդ փաստը: Սկզբում պարտվում էի, բայց հետո հավաքվեցի եւ մեկ միավորի առավելությամբ հաղթեցի (15:14):
Մյուս մարզիկները եւս ուժեղ եւ բարձրակարգ էին: Այս արդյունքն ինձ մեծ վստահություն տվեց: Կանխազգում էի, որ 16 ուժեղագույնների մեջ կլինեմ, բայց, երեւի Աստծո կամքն էր, որ ութնյակում հայտնվեցի: Լավագույն քառյակում տեղ գտնելու շանսեր ունեի, սակայն գերհոգնած էի: Ակնհայտ է, որ աշխատելու տեղ կա»,-նշեց սուսերամարտիկը:
Պողոսովայի խոսքով, այս արդյունքն իր եւ թիմի համար շատ կարեւոր էր: Նրանք հետզհետե ավելի շատ մրցաշարերի կմասնակցեն.
«Միջազգային մակարդակում աստիճանաբար երեւում ենք: Մեզ նաեւ հրավերներ են ուղարկում տարբեր երկրներում մրցումների մասնակցելու համար: Ինը օրից կմեկնեմ Մինսկ, որտեղ կմասնակցեմ Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Ակնկալում եմ, որ այնտեղ նույնպես լավագույն 16-ի կամ 8-ի մեջ կլինեմ, չնայած մրցակիցներս ինձնից մեծ են:
Դրանից հետո Վրաստանում եւ Գերմանիայում կմասնակցեմ մեծահասակների մրցաշարերի, օգոստոսին՝ ուսանողական խաղերին:
Ցանկանում եմ` Հայաստանի անունը սուսերամարտում միշտ հորիզոնում լինի: Իսկ ինձ համար նպատակ ունեմ լինել ոչ միայն ուժեղագույնների թվում, այլեւ` ուժեղագույնը»,-ասաց Պողոսովան:
Լուսանկարը` սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի