Հայ դահուկավազորդները մեկնել էին Ավստրիա` ուսումնամարզական հավաք անցկացնելու եւ միջազգային մրցաշարի մասնակցելու: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում դահուկավազքի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանը նշեց, որ մարզիկները լավ հանդես չեն եկել: Մարզչի խոսքով` պատճառը եղանակային վատ պայմաններն էին.
«Ավստրիայում եղանակը շատ անբարենպաստ էր, ձնհալ էր եւ անձրեւ էր տեղում: Կարծես թե գետի մեջ սահեին: Մեր դահուկավազորդները սովոր չեն, քանի որ նման պայմաններում մենք չենք մարզվում: Առաջին օրը մեր մարզիկները մինչեւ ծնկները ձյան մեջ սահեցին ու հիվանդացան: Որոշեցինք մրցաշրջանը շուտ ավարտել:
Այժմ նախապատրաստվում ենք 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին: Սերգեյ Միքայելյանն արդեն ուղեգիր ունի: Նոյեմբերից կմասնակցենք վարկանիշային մրցաշարերի: Կարծում եմ` Միքայել Միքայելյանն ու Թադեւոս Պողոսյանը եւս ուղեգիր կնվաճեն, եթե չհիվանդանան եւ վնասվածք չստանան:
Ամռանը անվավոր դահուկավազքի աշխարհի առաջնությունն է, որտեղ նույնպես ձմեռային օլիմպիական խաղերի վարկանիշեր են խաղարկվում: Սակայն դեռեւս չգիտեմ` կմասնակցենք առաջնությանը, թե` ոչ:
Ինչ վերաբերվում է կանանց` հույս չունեմ, որ նրանք կկարողանան ուղեգիր նվաճել: Նրանց արդյունքները լավը չեն»,-ասաց Արթուր Միքայելյանը:
Լուսանկարը` Արթուր Միքայելյանի անձնական արխիվից