Երեւանում ընթացող սուսերամարտի մինչև 20 տարեկան երիտասարդների Հայաստանի առաջնության ավարտից հետո վերջնականապես կորոշվի հավաքականի կազմը, որը կմասնակցի Պլովդիվում կայանալիք աշխարհի առաջնությանը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում այս մասին հայտնեց սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը:
«Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները կկայանան Պլովդիվում:
Ապրիլի 1-4-ը խոցասուսեր զենքաձեւում հանդես կգան մինչև 17 տարեկան պատանիները` Արմեն Դալլաքյանը և Անահիտ Ալոյանը:
Ապրիլի 5-8-ը երիտասարդները` Էդուարդ Հովակիմյան, Էմմա Պողոսովա (երկուսն էլ խոցասուսեր), Մայքլ Հովհաննիսյան (ճկասուսեր):
Երիտասարդների հավաքականի վերջնական կազմը պարզ կլինի Հայաստանի առաջնությունից հետո: Հնարավոր է մեկ մարզիկ եւս ավելանա»,- ասաց Արտաշես Մադոյանը:
Նրա կարծիքով մարտի 1-9-ը Պլովդիվում կայացած Եվրոպայի առաջնությունում այս տարիքային խմբերի անհաջող ելույթը պայմանավորված էր նախապատրաստական ընթացքի հետ:
Ամեն ինչ արվում է սահմանափակ ֆինանսական հնարավորություններով: Չկարողացանք ուսումնամարզական հավաք կազմակերպել: Այո, մենք համատեղ մարզումներ անցկացրինք, բայց դա բավարար չէ այս մակարդակի մրցաշարում հանդես գալու համար:
Ինչ վերաբերում է արդյունքներին, Արմեն Դալլաքյանը, Անահիտ Ալոյանը և Մայքլ Հովհաննիսյանը կարողացան հաղթահարել թիմային փուլը և մտնել 64 լավագույնների կազմ, սակայն ավելին անել նրանց չհաջողվեց:
Մեր մարզիկները չունեն ծավալուն մարտական պրակտիկա, իսկ այս մակարդակի մրցաշարերում դա վճռորոշ նշանակություն ունի»,- նշեց գլխավոր քարտուղարը:
2018 թվականի գարնանն ընթացալիք աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում կխաղարկվեն ամառային պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր:
«Պետք է մտնել 8 լավագույնների ցանկ, ինչը շատ դժվար է: Կա եւս մեկ ճանապարհ, դա Եվրոպայի գավաթի խաղարկության փուլերում բավարար քանակով միավորներ հավաքելն է: Դա էլ դժվար կլինի, բայց մենք կպայքարենք»,- ասաց Արտաշես Մադոյանը:
Մեծահասակների Հայաստանի առաջնությունն ամենայն հավանականությամբ կանցկացվի մայիսին:
Ապրիլի 21-26-ը Մինսկում կկայանա մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցեն Էդուարդ Հովակիմյանը, Մայքլ Հովհաննիսյանը եւ Էմմա Պողոսովան:
Հաջորդ տարի այդ մրցաշարը կանցկացվի Երեւանում: