Բասկետբոլի մինչեւ 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց Թբիլիսիի միջազգային մրցաշարի արդյունքները: Մարզչի խոսքով, սա լավ հարթակ էր միջազգային փորձ ձեռք բերելու համար.
«Թբիլիսիում մենք պետք է խաղայինք մեր տարիքային խմբի թիմերի հետ, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով մրցեցինք Մ 18 տարեկանների հետ: Ես կարողացա փորձարկել բոլոր բասկետբոլիստներին, հասկանալ մեր ուժեղ եւ թույլ կողմերը: Նմանատիպ մրցաշարերում տղաները միջազգային փորձ են ձեռք բերում:
Կենտրոնականների խնդիր ունենք: Օղակի տակ կաղում ենք: Մեզ հարկավոր են բարձրահասակ բասկետբոլիստներ: Հիմա փորձում ենք հասկանալ՝ ովքեր կարող են այդ բացը լրացնել»,-նշեց մարզիչը:
Թբիլիսիում հավաքականի կազմում ընդգրկված էր 12 բասկետբոլիստ: Նրանցից 11-ը Հայաստանից էին, մեկը` Ռուսաստանից: Արեգ Վաթյանի խոսքով, հայաստանցի բասկետբոլիստներից հավաքականում կմնան միայն 7-ը.
«Հավաքականում տեղացի բասկետբոլիստներին կմիանան մեր մի քանի հայրենակիցներ արտասահմանից: Շատ գոհ եմ Ռուսաստանից ժամանած Գեորգի Շախնազարովից: Այս մրցաշարում նա մեր ամենաարդյունավետ բասկետբոլիստներից էր: Առաջիկա Մոսկվայի հավաքին թիմը կհամալրեն նաեւ Սամվել Բունիաթյանն ու Տիգրան Հովսեփյանը: Մինչեւ Եվրոպայի առաջնությունը կաշխատենք լրացնել բաց տեղերն ու ավելի մարտունակ լինել»,-ասաց Արեգ Վաթյանը:
Մ 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 23-30-ը Անդորրայում:
Լուսանկարը` Արեգ Վաթյանի անձնական արխիվից