Մարտի 2-4-ը Երեւանում կանցկացվի սպորտային մարզմնամարզության Հայաստանի առաջնությունը: Առաջնության արդյունքներով կձեւավորվի ազգային հավաքականը, որը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Այս մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Գլխավոր թիմն այժմ մարզվում է Երեւանում, իսկ մարտի 9-20-ը մարմնամարզիկները հավաքի կմեկնեն Քաթարի մայրաքաղաք Դոհա: Այնուհետեւ, մարտի 20-25-ը հայ մարմնամարզիկները նույն տեղում կմասնակցեն Աշխարհի գավաթի խաղարկությանը: Հավաքականի կազմում կլինեն Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը եւ Արթուր Թովմասյանը:
Եվրոպայի անհատական առաջնությունը կկայանա ապրիլի 19-23-ը Ռումինիայում: Այնտեղ թիմին կմիանա եւս երկու մարմնամարզիկ, ամենայն հավանականությամբ Վիգեն Խաչատրյանն ու Արմեն Պետրոսյանը.
«Հոկտեմբերի սկզբին Մոնրեալում տեղի կունենա աշխարհի առաջնությունը: Դեռեւս հայտնի չէ` թիմային պայքարին կմասնակցենք, թե ոչ: Դա կախված է մի քանի գործոններից»,- ասաց մասնագետը:
Հակոբ Սերոբյանի խոսքով` նախորդ օլիմպիական ցիկլում ազգային ֆեդերացիային եւ մարմնամարզիկներին մեծապես աջակցել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն.
«Շատ շնորհակալ ենք ՀԱՕԿ-ին` օլիմպիական տարում մեր կողքին լինելու համար: Իսկ այս տարի հատկացված հավելյալ պետական ֆինանսավորմամբ ավելի շատ ուսումնամարզական հավաքներ կանցկացնենք: Կփորձենք հավաք ունենալ Փարիզում, որտեղ սեպտեմբերին կկայանա Աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկը: Իսկ որպես այլընտրանք` քննարկում ենք աշխարհի առաջնությունից առաջ Թբիլիսիում մարզվելու հարցը»,-ասաց Հակոբ Սերոբյանը: