Թեհրանում կայացած շախմատի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Էլինա Դանիելյանի ու Լիլիթ Մկրտչյանի համար առաջնությունը եզրափակվեց հենց առաջին շրջանում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեր շախմատիստուհիները խոսեցին պարտության պատճառների ու առաջիկա պլանների մասին:
Էլինա Դանիելյան. «Երեխայիս ծնվելուց հետո ես մոտ մեկ տարի չեմ մասնակցել մրցաշարերի, ինչն էլ բնականաբար բացասաբար է անդրադարձել խաղիս վրա: Ռութ Պադմինիի հետ առաջին պարտիայում ես մեկ քայլի վրա էի գտնվում հաղթանակից, բայց արդյունքում բաց թողեցի այդ հնարավորությունը, ինչն էլ բացասաբար անդրադարձավ երկրորդ օրվա իմ խաղի վրա: Երկու պարտիայից կազմված կարճ մրցապայքարում լարվածությունը շատ մեծ է, ինչն էլ մեծացնում է սխալվելու հավանականությունը:
Մրցաշարը բավականին լավ էր կազմակերպված, եթե հաշվի չառնենք հիջաբի հետ կապված հանգամանքները: Դժվար է ասել` ով կհաղթի նոկաուտ համակարգում, որտեղ անակնկալներ շատ են լինում:
Հիմա պետք է պատրաստվեմ Ռիգայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը (ապրիլի 10-23), նախատեսում եմ խաղալ նաև 1-2 բաց մրցաշարերում: Իսկ հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 5-ը Կրետե կղզում տեղի կունենա Եվրոպայի թիմային առաջնությունը»,- ասաց Էլինան:
Լիլիթ Մկրտչյան. «1/32 եզրափակչի իմ մրցակից չինացի Նի Շիկունին ծանոթ չէի, միայն նրա պարտիաներն էի վերլուծել: Մեկնարկային պարտիայում չկարողացա իրացնել լուրջ առավելությունս, իսկ երկրորդում պարզապես ոչինչ չստացվեց:
Չէի ասի, թե հիջաբն ինձ խանգարեց, աշխատում էի ուշադրություն չդարձնել դրան: Նոկաուտ համակարգն անկանխատեսելի է, և ապագա չեմպիոնի անունը դժվար է կռահելը:
Առջևում Եվրոպայի անհատական առաջնությունն է, աշնանը` մայրցամաքի թիմային առաջնությունը: Ընթացքում Գերմանիայի ակումբային առաջնությունում մի քանի պարտիաներ կխաղամ: Խանտի-Մանսիյսկում կայանալիք աշխարհի թիմային առաջնությունում (հունիսի16-28) Հայաստանի ազգային հավաքականն ամենայն հավանականությամբ հանդես չի գա` Բաքվի համաշխարհային օլիմպիադան բաց թողնելու պատճառով»,- նշեց Լիլիթը:
Լուսանկարը` Էլինա Դանիելյանի ֆեյբուքյան էջից