Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Երեւանում ուսումնամարզական հավաք է անցկացնում Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ: Հայ ըմբիշները պատրաստվում են առաջիկա միջազգային մրցաշարերին: Հավաքին մասնակցում է 24 ըմբիշ.
«Սա փուլային ուսումնամարզական հավաք է: Մենք պատրաստվում ենք Եվրոպայի առաջնությանը: Սակայն, մինչ այդ, Կիեւում կմասնակցենք միջազգային մրցաշարի: Ներկա պահին այդ մրցաշարին ենք պատրաստվում: Հավաքը սկսել ենք փետրվարի 15-ին եւ կավարտենք մարտի 1-ին: Այդ օրը կմեկնենք Կիեւ: Այդ մրցաշարին կմասնակցի 10 ըմբիշ` Գեւորգ Ղարիբյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Վարշամ Բորանյանն ու Ռաֆայել Ալեքսանյանը (75 կգ), Սարգիս Քոչարյանն ու Ռաֆիկ Մանուկյանը (80 կգ), Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ) եւ Վաչիկ Եղիազարյանը (130 կգ): 71 կգ քաշային կարգում ըմբիշ չենք պլանավորում, քանի որ այդ կարգում հանդես եկող Վարշամ Բորանյանն ու Ռաֆայել Ալեքսանյանը կմասնակցեն 75 կգ քաշային կարգում: Կարապետ Չալյանն (75 կգ) ազատված է մրցաշարից: Այս պահին նպատակահարմար է, որ նա չմասնակցի»,- ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:
Խոսելով Միհրան Հարությունյանի մասին` մարզիչը նշեց, որ նա վերականգնողական փուլում է.
«Միհրանը դեռեւս բուժման փուլում է: Բժիշկներն ասել են, որ վիրահատությունից հետո առաջիկա 6-7 ամիսը լուրջ ծանրաբեռնվածություն չի կարելի: Լիարժեք ապաքինվելուց հետո նա կմասնակցի մարզումներին»:
Արսեն Ջուլֆալակյանը եւս բուժում էր անցնում: Հավաքականի գլխավոր մարզիչը նշեց, որ նա ապաքինվել է եւ մասնակցում է հավաքին.
«Արսենի հետ աշխատում ենք անհատական ծրագրով: Նա պետք է հատուկ ծանրաբեռնվածությամբ մարզվի` բուժմանը չխանգարելու համար: Արսենը երկար ժամանակ մրցումների չի մասնակցել եւ այս փուլում դեռ մարզավիճակ է ձեռք բերում: Նա Կիեւի մրցաշարում հանդես չի գա: Ապրիլին կմասնակցի Տալինում կայանալիք միջազգային մրցաշարին: Արսենը չի լինի նաեւ Եվրոպայի առաջնությունում:
2018 թվականից նոր քաշային կարգեր կավելանան: Ներկա պահին 8 քաշային կարգ է, իսկ հաջորդ տարի կլինի 10»,-խոսքը եզրափակեց Լեւոն Ջուլֆալակյանը:
Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 2-7-ը Սերբիայում:
Լուսանկարները` այստեղ