Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը փետրվարի 17-ին կմեկնի Թբիլիսի` մասնակցելու միջազգային մրցաշարի: Թիմի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանի խոսքով այս մրցաշարը լավ հնարավորություն է միջազգային փորձ ձեռք բերելու համար.
«Հավաքականի կազմում ընդգրկվել է 11 բաստկետբոլիստ Հայաստանից: Թբիլիսիում մեզ կմիանա նաեւ Գեորգի Շախնազարովը: Նա Սանկտ Պետերբուրգից է: Միջազգային մրցաշարին մասնակցելու է 4 թիմ: Բացի դրանից, մենք մեկ հանդիպում կունենանք տեղի թիմերից մեկի հետ:
Ապրիլին հավաք կունենանք Մոսկվայում: Փորձառության համար մեր թիմը կմրցի Մոսկվայի ուժեղագույն ակումբների հետ»,- ասաց մարզիչը:
Մ16 տարեկան պատանիները հուլիսին կմասնակցեն Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Մինչ այդ, նրանք եւս մի քանի հավաք կանցկացնեն.
«Եվրոպայի առաջնության ժամանակ հավաքականին կմիանան նաեւ արտասահմանում ապրող մեր մի քանի հայրենակիցներ: C դիվիզիոնում մեր նվազագույն նպատակն է՝ մտնել լավագույն եռյակ, իսկ լավ արդյունք կհամարվի հաղթանակը»,-ասաց Արեգ Վաթյանը:
Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 23-30-ը Անդորրայում: