Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ կանցկացվի Արմեն Երիցյանի անվան հուշամրցաշար: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Սարգսյանը.
«Մենք մեծ կորուստ ունեցանք` կյանքից հեռացավ մեր ֆեդերացիայի նախագահ Արմեն Երիցյանը: Նախաձեռնել ենք հուշամրցաշար, որը տեղի կունենա փետրվարի 25-ին և 26-ին Ծաղկաձորում: Դահուկավազքից կլինի արագավազքի առաջնություն, իսկ լեռնադահուկային սպորտից` հատուկ ոլորավայրէջք»,-ասաց Գագիկ Սարգսյանը:
Ֆեդերացիայի փոխնախագահը տեղեկացրեց, որ Հայաստանում դահուկասպորտի զարգացման եւ մասսայականացման համար իրականացվում են տարբեր միջոցառումներ: Թիրախային կենտրոններ են ընտրվել Երեւանն ու Աշոցքը.
«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի հետ համատեղ նոր ծրագիր ենք սկսել Աշոցքում: Այն կոչվում է «Բերել երեխաներին դեպի ձյուն»: Աշոցքը համարում ենք հայաստանյան Ֆինլանդիա: Այն դահուկասպորտի մեր ավանդական կենտրոններից է, պետք է դարձնենք այն երկրորդ վայրը (Ծաղկաձորից հետո), որտեղ մեր մարզիկները դահուկավազքից վարկանիշային միավորներ կվաստակեն: Սա մեր զարգացման ծրագրերից մեկն է»,-նշեց Գագիկ Սարգսանը:
Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիային հաջողվել է լեռնադահուկային սպորտի առաջնությունը գրանցել միջազգային ֆեդերացիայի օրացույցում: Սա նշանակում է, որ մեր մարզիկները կկարողանան վարկանիշային միավորներ վաստակել:
Այս տարի լեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջնությունը կկայանա փետրվարի 27-ից մարտի 3-ը Ծաղկաձորում:
ՀԱՕԿ լրատվության բաժին