Ռիո-2016. Կորուսյալները

13:50 - 07 Օգո, 2016

Մինչ գրառումս սկսելը ցանկանում եմ ասել, որ Ռիո-2016-ին հավատարմագրված եմ `որպես ֆոտոլրագրող:

Օլիմպիական խաղերը պաշտոնապես բացված են: Հեռուստացույցից այն կողմ միշտ էլ ամեն ինչ հրաշալի է թվում, սակայն շատ քչերին է հայտնի, թե որքան բան է մնում կադրի հետևում:

Խաղերի բացման արարողությունը օգոստոսի 5-ին` ժամը` 20:00-ին էր:

Քանի որ ճանապարհները փակվելու էին,բացումից  5 ժամ առաջ եկել էինք հանրահայտ «Մարականա»-ի հարակից տարածք, որպեսզի ոտքով հասնենք մեզ անհրաժեշտ վայրը: Փողոցներում Օլիմպիական խաղերը խորհրդանշող գրեթե ոչինիչ չես տեսնի: Երբ քայլում էինք դեպի մարզադաշտ,և մեզ ասացին, որ մոտ 300 մետրից կհասնենք, չէինք հավատում, քանի որ ոչ մարդիկ էին անցնում, ոչ էլ ճանապարհներներն էին փակ: Անգամ պաստառներ չկային:

Նախորդ գրառմանս մեջ արդեն նշել էի, որ կամավորների աշխատանքը և առհասարակ կազմակերպվածությունը բավականին ցածր մակարդակի վրա են գտնվում: Լրագրողների մուտքը փնտրել ենք մոտ 1 ժամ, այն էլ, երբ մեզ պորտուգալախոս` մեր հայրենակիցն էր ուղեկցում: Բացումից 15 րոպե առաջ մտանք «Մարականա»: Աշխարհի` մեծությամբ 3-րդ մարզադաշտը լեփ-լեցուն էր: Բացման արարողությունը գեղեցիկ էր, սակայն սպասելիքներս լրիվ այլ էին: Նախ, անհարմար տեղեր էին հատկացված ֆոտոլրագրողներին: Ջահի վառման արարողությանը  և բեմականացման մեծ մասին ստիպված եղանք հետևել էկրաններից:

Ազգային հավաքականները դուրս էին գալիս մարզադաշտ և կիսվում 2 մասի` մի երկիրը`աջ, մյուսը`ձախ: Ստացվեց այնպես, որ Հայաստանի հավաքականը եկավ մեր կողմով: Բախտներս մի քիչ բերեց:  Բացման արարողությունը տևեց 4 ժամ, իսկ մեդիա ավան հասնելը` 3: Շուրջ 1.5 ժամ ավտոբուս սպասեցինք, այսինքն` նստելու հերթին: Լուսաբացին հասանք «տուն» 4-5 ժամ քնեցինք և գնացինք լուսաբանելու մեր մարզիկների անդրանիկ ելույթները:

Իրականում, շատ բարդ է հարմարվել նոր ժամային գոտուն, աշխատանքային ռիթմին, վայրերին: Ամեն ինչ շատ հեռու է իրարից, իսկ հասնելը` ժամանակատար: Այսօր և երեկ մոտ 2 ժամ ենք ծախսել մրցումային 3 կառույցների մուտքերը և մեր աշխատանքային գոտիները գտնելու համար: Եվ կրկին այդ կամավորները, որ գրեթե ոչնչից տեղյակ չեն:

 

Միշտ մտածել եմ, թե ինչպես են լրագրողները և ֆոտոլրագրողները մի կողմ դնում իրենց էմոցիաները և անդադար ու առանց շեղվելու աշխատում: Այո', բոլորդ կասեք, որ դա պրոֆեսիոնալիզմ է: Ուրեմն ինձ դեռ երկար, շատ երկար տարիների փորձ է անհրաժեշտ դրա համար, քանի որ էմոցիաներս ինձ խանգարում են:

Մարմնամարզության մրցումների ժամանակ, երբ կենտրոնացել էի Հարություն Մերդինյանի մրցակից` բրիտանացիների ելույթների վրա, ականջիս անսովոր խրթոց հասավ, պտտվեցի և տեսա, որ ֆրանսիացի մարզիկը հնացատկի վարժության ժամանակ կոտրեց ոտքը:

Կոտրե՞լ... Այդպիսի բան ես չէի տեսել: Իսկ ի՞նչ արեցի ես: Լուսանկարե՞ցի: Ոչ, ես սկսեցի լաց լինել, դե հա, ես հո պրոֆեսիոնա՞լ չեմ: Մարզիկին դուրս բերեցին ծափերի ներքո: Անգամ դատավորներից մեկը գրեթե կորցրեց գիտակցությունը: Ի դեպ, Հակոբ Սերոբյանը (Հայաստանի հավաքականի մարզիչը, ով Ռիո-2016-ում հանդես է գալիս որպես դատավոր) նույնպես այդ վարժության դատավորներից էր: Երևի այդ տեսարանից հետո նրա մտքում էլ միայն մի բան էր, որ հանկարծ մերոնք վնասվածքներ չստանան:

Վնասվածքներ, փառք Աստծո, չունեցանք: Ցավոք, Արթուր Դավթյանը սխալվեց և չհաղթահարեց որակավորման փուլը, սակայն մեր լավատես և կենսուրախ Դավթյանը վստահաբար չի ընկրկի: Օրվա լուսավոր կետը Հարություն Մեդինյանն էր, ով 4-րդ հորիզոնականով մտավ եզրափակիչ:

Ինձ շատերն են գրում, հարցնում Ռիոյի` իմ տպավորությունների մասին, սակայն դեռ ոչինիչ չեմ պատասխանում, քանի որ չեմ հասցրել «լինել» Ռիոյում :)

Հ.Գ. Երբ վերադարձանք մեր սենյակներ, դռները բաց էին: Երևի մաքրության աշխատակիցներն են մոռացել փակել և բախտի քմահաճույքին են թողել մեր «ունեցվածքը»:

Հ.Գ. 2. Բրազիլիայում ոչ մի ֆուտբոլային մարզաշապիկների վրա ֆուտբոլիստի ազգանուն չեն գրում: Չեն նեղացնում ոչ մեկին:

Հ.Գ. 3. Բրազիլացի գործընկերներիս 20 րոպե համոզում էի, որ ես բրազիլացի չեմ, իսկ Տաշքենդից ժամանած լուսանկարիչներն այդպես էլ չհամոզվեցին, որ ես իրենց հայրենակիցը չեմ: :)

Լուսավոր գրառումների սպասումով` Շուշանիկ Հակոբյան

Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

ՀԱՕԿ լրատվության պաշտոնական կայքը պատասխանատվություն չի կրում «BLOG-օրագրում» տեղ գտած գրառումների համար:

«BLOG-օրագրի» հրապարակումները վերաթողարկման ենթակա չեն:

  

Այլ նորություններ