Մալթայի խաղաոճին ծանոթ ենք դեռևս նախորդ առաջնությունից. Վահագն Հարությունյան

10:40 - 11 Հուլ, 2016

Բասկետբոլի Հայաստանի կանանց մինչև 18 տարեկանների ազգային թիմը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի կիսաեզրափակչում մրցելու է Մալթայի  թիմի հետ: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը խոսեց խմբային փուլի, հավաքականի համակցվածությանը մասին և անդրադարձավ կիսաեզրափակչին:

-Պարոն Հարությունյանը, ինչպիսի՞նն էր թիմի համակցվածությունը մեկնարկային խաղերում, հաշվի առնելով այն, որ թիմում 4 նորեկներ կան:

-Ամեն խաղի հետ բասկետբոլիստներն ավելի լավ են իրար հասկանում: Մենք խոսում ենք մի լեզվով՝ բասկետբոլի լեզվով: Մեր երեք խաղացողների Ռուսաստանից են և նույն դպրոցն ունեն ու ինչ որ տեղ մեր խաղաոճին նման են:

-Անդրադառնալով նախորդ երկու խաղերին (Անդորրա, Ուելս), որտեղ հաղթեցիք մեծ առավելությամբ, ինչպիսի՞ մրցակից էին նրանք մեզ համար:

-Անդորրան ցածրահասակ թիմ էր, թեպետ նաև արագ էին: Մենք մեր հասակի և տեխնիկայի հաշվին գերազանցում էինք նրանց և մեծ դժվարություն չէր նրանց հաղթելը: Ուելսի հետ խաղի առաջին խաղակեսին մի քիչ «մատների արանքով» նայեցինք, սակայն երկրորդ կեսում այլ մակարդակի բասկետբոլ ցույց տվեցինք: Եթե պարզ խոսենք, ապա մենք գիտեինք, որ այդ երկու խաղերում առավելություն ենք ունենալու:

-Կիսաեզրափակչում մրցելու եք Մալթայի հետ: Արդյո՞ք նրանց դեմ խաղացել եք, ինչ մրցակից են մեզ համար:

-Այո, նախորդ տարի մենք խաղացել ենք Մալթայի հետ և կրկին կիսաեզրափակչում: Այդ խաղը մեզ համար բավականին բարդ ստացվեց, բայց հաղթել ենք 8 միավորի առավելությամբ: Մալթային խաղաոճին ծանոթ ենք դեռևս նախորդ առաջնությունից:  Ամեն ինչ անելու ենք, որ եզրափակիչ դուրս գանք:

-Կիսաեզրափակչի մյուս զույգը Անդորրան և Վրաստանն են: Ո՞վ է այդ զույգի ֆավորիտը ըստ Ձեզ:

-Որևէ գուշակություն չեմ անի, բայց անկհայտ կերպով տարբեր տեսակի և ոճի բասկետբոլ են խաղում: Անդորրան բավականին արագ է և հրաշալի է գործում պաշտպանությունում: Վրաստանը չունի այն հնարավորությունները, ինչ ունի Հայաստանը: Նրանց համար շատ դժվար է լինելու:

-Շնորհակալություն և հաջողություն եմ մաղթում:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ