Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հունիսի 28-ին առաջին հանդիպումը կանցկանցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում: Հայաստանի թիմն իր խմբի ֆավորիտներից մեկն է: Ուսումնամարզական հավաքի ավարտին Հայաստանի հավաքականն երկու ստուգողական հանդիպում ունեցավ Իրանի հավաքականների հետ և ակնհայտ գերազանցեց մրցակիցներին: Եվրոպայի փոքր երկրների առաջնության մեկնարկից առաջ հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց տղաների ելույթները, խոսեց հավաքականի և ապագա մրցակիցներին մասին:
-Պարոն Գյոկչյան, Իրանի հավաքականի հետ խաղի ամբողջ ընթացքում, անընդհատ ինչ-որ բանից դժգոհ էիք: Հիմա գո՞հ եք, քանի որ թիմը երկու ընկերական խաղերում էլ հաղթեց:
-Այդքան գոհ չեմ, քանի որ հանդիպումը բավականին երկար ձգվեց, իսկ մրցավարները անկառավարելի էին: Իմ թիմը խաղաց իր հնարավորությունների 70 տոկոսով: Իհարկե, այս խաղերը մեզ համար մեծ փորձ էին: Մոլդովայում էլ կողմնապահություններ, սխալ կամ ճիշտ որոշումներ կլինեն: Իրանի հավաքականը բավականին ուժեղ մրցակից էր, լավ տեխնիկա ունեն: Հավաքականի տղաները ժամանակ առ ժամանակ հրաշալի թիմային աշխատանք էին տանում:
-Արդյո՞ք այս խաղերին փորձարկումներ կատարեցիք:
-Անշուշտ, փորձարկումներ եղան հանդիպման ընթացքում: Այն կապված էր Դանսթոնի հետ. մեկը իր մասնակցությամբ, մյուսն առանց իրեն: Իսկ այս խաղի հաշիվը պետք է առավել մեծ լիներ: Սակայն, ինչ-որ տեղ, մեր հույզերը չկարողացանք կառավարել:
-Վստահ եմ, արդեն ուսումնասիրել եք Մոլդովային, Անդորրային և Ուելսի հավաքականներին: Ի՞նչ մրցակիցներ են նրանք մեզ համար:
-Երեքն էլ ուժեղ մրցակիցներ են՝ որոնք գործում են շատ կազմակերպված: Երեքն էլ եվրոպական խաղաոճ ունեն: Եթե օգտագործենք մեր ներուժը, ապա կհաղթենք Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում:
-Պարոն Գյոկչյան, այս օրերին հետևում էիք նաև երիտասարդական թիմին, ի՞նչ կարծիք ունեք նրանց մասին:
-Երիտասարդններն արդեն երկրորդ հանդիպումն է, ինչ շատ վատ մեկնարկում են, սակայն հրաշալի ավարտում են հանդիպումը: Իրենք վատ չխաղացին Իրանի թիմերի հետ: Շատ կազմակերպված էին գործում վերջին երկու քառորդներում: Ամեն դեպքում՝ հետաքրքիր էր հետևել նրանց խաղին: Վստահ եմ՝ մի քանի հանդիպում հետո նրանց կհաջողվի ավելի լավ գործել :
-Ի՞նչ է լինելու հավաքականի հետ Եվրոպայի առաջնության ավարտից հետո:
-Այս տարի այլևս հավաք չենք ունենա, քանի որ հավաքականի անդամներից մի մասն աշխատում է, ոմանք դեռ սովորում են: Այս տարի կբավարարվենք այսքանով: Ստեղծելով այս հավաքականը՝ մենք արթնացրինք բոլորի հետաքրքրությունն առ բասկետբոլի հավաքական և բասկետբոլն՝ առհասարակ: Ես ինքս, որպես մարզիչ, քիչ եմ գոհ լինում իմ կատարած աշխատանքից, քանի որ կարծում եմ, որ կարելի է անել ավելին: Այս անգամ ներքին վստահություն ունեմ, որ այս հավաքականին մեծ ապագա է սպասվում: Այս կերպ, լավ բազա կարող ենք ստեղծել երիտասարդների և պատանի բասկետբոլիստների համար:
ՀԱՕԿ լրատվության բաժին