ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ներկա է գտնվել Խուլերի շախմատի աշխարհի անհատական առաջնության բացման արարողությանը:
Մրցաշարը, որն անցկացվելու է մինչև մայիսի 26-ը, տեղի է ունենալու 7 ենթախմբերում` 24 երկրի շուրջ 120 շախմատիստի մասնակցությամբ: Առաջնության բացմանը ներկա են գտնվել նաև ՖԻԴԵ-ի Նախագահ Կիրսան Իլյումժինովը, Խուլերի շախմատի համաշխարհային կոմիտեի նախագահ Ֆիլիպ Գարդները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատասխանատուներ: ՀՀ Նախագահը և ՖԻԴԵ-ի Նախագահը խաղատախտակի առջև կատարել են առաջին քայլը՝ ազդարարելով առաջնության բացումը:
Մինչ արարողության մեկնարկը, Հանրապետության Նախագահը և ՖԻԴԵ-ի Նախագահը ծաղիկներ են դրել Տիգրան Պետրոսյանի կիսանդրուն և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Խուլերի շախմատի անհատական առաջնության բացման շրջանակում ՀՀ Նախագահին շախմատի տանը ներկայացրել են նաև սուրդո (խուլուհամրերի) թարգմանության ավտոմատացված ծրագիրը:
Լուսնկարը՝ President.am
ՀԱՕԿ լրատվության բաժին