ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՌՈՒՍ ԶԱՎԱԿԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

12:27 - 18 Հոկ, 2024

Աշխարհահռչակ հնգամարտիկ Իգոր Նովիկովի հաղթանակները բազմապատկել են հայկական սպորտի հեղինակությունը : Նա օլիմպիական խաղերից Հայաստան է բերել երկուական ոսկե և արծաթե մեդալ: Մեծանուն մարզիկը  ժամանակակից հնգամարտի աշխարհի առաջնության քառակի և թիմային՝ հնգակի չեմպիոն է, Խորհրդային Միության ժողովուրդների   սպարտակիադաների   և առաջնությունների բազմակի   ոսկե  դափնեկիր:

Պարգևատրվել է կառավարական  տասնյակ բարձրագույն շքանշաններով, մեդալներով, կոչումներով: Հայաստանցի միակ վարպետն է, որ եղել է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի նախագահ  / հնգամարտի և եռամարտի / :

1956 թ. երբ նա Մելբուռնում նվաճել էր  օլիմպիական  առաջին ոսկին,  ազգային արմատների մասին իրեն ուղղված  լրագրողի հարցին պատասխանել է .  <<  Ես հայ ժողովրդի ռուս զավակն եմ >> :

1981թ. հունիսի 26 –ին  << Հայաստանի ֆիզկուլտուրնիկ >> թերթի  25-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ լրագրողներից մեկը փորձել է ռուսերենով Նովիկովի կենացն առաջարկել: Խոսքի կեսին հանճարեղ հնգամարտիկն ընդհատել է  . <<  Ա՛յ մարդ , հայերեն ասա ` բան հասկանանք >> :

Իգոր Նովիկովը եղել է նաև ՀՀ սպորտի պետական կոմիտեի նախագահի տեղակալ: Խիստ, բանիմաց ղեկավար էր:

1992 թ.  նա հաստատվեց Սանկտ Պետերբուրգում, քանզի ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում այլ կերպ վարվեցին օլիմպիական չեմպիոնի հետ, չգնահատեցին նրա ծառայությունները:

Նովիկովը  Ռուսաստան մեկնելուց հետո առաջին անգամ  հարազատ Երևան  է այցելել 1998 –ին: Շտապել է իր հիմնած մարզօջախը, որը տեսակով միակն է աշխարհում: Բայց ամայի տարածքը, մարզադահլիճները, ջրազուրկ երեք  լողավազանները վշտացրել է  նրան: Այս մասին կրտսեր որդին` Յուրին, պատմել է, որ ամբողջ գիշեր հայրը չի քնել, որ տխուր միայնության մեջ բարձրաձայն զարմանքն է արտահայտել, թե ինչու է պարապուրդի մատնված աշխարհում նմանը չունեցող մարզահամալիրը, թե ինչու  է Հայաստանում անուշադրության մատնված աճող սերնդի առողջությունը, ուր ԽՍՀՄ տարիներին  այցելել է օրական երեք – չորս հազար մարդ:

2007 թ. օգոստոսի 30 - ին, 78 տարեկան հասակում,  Նովիկովը  կնքեց իր  մահկանացուն :

Մեծն հնգամարտիկի մահվան մանրամասներից  հետևյալն իմացանք: Ս. Պետերբուրգում նա մտել է իր լողավազանը: Որոշ ժամանակ անց, ուշացած,  ամուսնու մոտ է շտապել թիավարությունից ԽՍՀՄ սպորտի վարպետ կինը ` Նինա Իվանովնան ու ապշել: Իգոր Նովիկովը ջրապաշտպան ակնոցով, կիսաթեք, ջրում անշարժ կանգնած է եղել: << Ասես մրցումային ջրամուտի էր պատրաստվում >>, - պատմել է տիկին Նովիկովան:

Ի . Նովիկովի անվանի ժամանակակիցներ Հ. Շահինյանի, Վլ. Ենգիբարյանի,  Ա. Ազարյանի և Ն. Մուշեղյանի հաղթանակների պատվին հիմնադրված մարզօջախները կոչվել են նշած  հեղինակությունների անուններով: Կարծում ենք, որ երախտապարտ հայ ժողովուրդը, ի նշան հարգանքի, օլիմպիական չեմպիոնի  անունով կկոչի երբեմնի պատանի հնգամարտիկների դպրոցը` անկախ նրա  գերատեսչական պատկանելությունից . . .

Երևանցի մեծանուն հնգամարտիկը վաղը ՝ հոկտեմբերի 19 –ին, կդառնար 95 տարեկան:

Այդ առթիվ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, իրեն բնորոշ երախտագիտությամբ, հարգանքի հերթական տուրքը մատուցեց՝  այս անգամ Իգոր Նովիկովի հիշատակին, որի վկայությունն է  նորաստեղծ հուշամեդալը: Այն կշնորհվի համապատասխան մարզաձևերի երախտավորներին:

 

 

 

Այլ նորություններ