Թեթև քաշայինների մենամարտ հիշեցրեց Դավիթ Չալոյան / Հայաստան / - Օրի Դելիշես / Մեծ Բրիտանիա / ՝ գերծանրքաշային բռնցքամարտիկների օլիմպիական խաղերի մեկնարկային մենամարտը: Նրանք զարմանալի արագաշարժություն դրսևորեցին: Ճիշտ է, կողմերը երբեմն ցնցող հարվածներ փոխանակեցին, բայց նոկդաուն կամ նոկաուտ չգրանցվեց:
Հայ մարզասերի համար հաճելին այն էր, որ առաջին ռաունդի կեսից, երկրորդ համարով աշխատող Դավիթը արդեն ետ չմնաց մրցակցից: Հակառակը, գյումրեցին առաջ էր ընկնում անգլիացուց ու ավելի հաճախ էր նպատակին հասցնում իր հարվածները, մանավանդ ձախով կատարած << ջեբերը >> :
Մի խոսքով, կաշվե ձեռնոցի հայ վարպետի ՝ առաջին ռաունդում պարտվելուց հետո, հաջորդ երկու կեսերում մրցավարները նախապատվությունը տվեցին նրան: Վերջնարդյունքում գյումրեցին հաղթեց 3 : 2 հաշվով և վրեժնդիր եղավ Եվրոպական խաղերում նույն մրցակցին չոր՝ 0 : 5 հաշվով պարտվելու դիմաց:
Ավելորդ չէ նշել , որ Օրին Դելիշեսը ծնվել է 1997թ. Մոսկվայում: Մայրը ռուս է, հայրը ՝ նիգերիացի : Նրա մայրենի լեզուն ռուսերենն է և յոթ տարեկանում է բնակություն հաստատել Անգլիայում:
Շատ ենք ցանկանում , որ պատվասեր Դավիթը հաջողությունը կրկնի նաև օգոստոսի 2-ին, քառորդ եզրափակիչում իսպանացու հետ մենամարտում: Կարելի է պատկերացնել, թե հաղթանակի դեպքում որչափ կուրախանա հայ մարզասերը, որովհետև մեր պատվիրակը արդեն կհայտնվի կիսաեզրափակիչում և իր համար կապահովի առնվազն բրոնզե մեդալ:
Փարիզում շարունակվող ամառային 33 –րդ օլիմպիական խաղերում այսօր ՝ հուլիսի 30-ին Հայաստանը կունենա մեկ մասնակից: Լողի մրցաշարում պայքարի մեջ կմտնի Արթուր Բարսեղյանը: Նա կմասնակցի 100 մետր ազատ լողաոճում:
Որակավորման փուլը կմեկնարկի Երեւանի ժամանակով 13:00-ին: