33 – ՐԴԻ ԲԱՑՈՒՄԸ ՀԱՅՏԱՐԱՐՎԵՑ ԺԱՄԸ 21. 33 – ՐԴ ՐՈՊԵԻՆ

13:37 - 27 Հուլ, 2024

Ֆրանսիայի մայրաքաղաքում, հորդառատ անձրևի ներքո,  տեղի ունեցավ  33 –րդ ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառումը տևեց չորս ժամ:  Արարողության ռեժիսորը ֆրանսիացի հայտնի բեմադրիչ Թոմաս Ջոլին էր:

Տարբեր երկրների  ղեկավարները, բարձրաստիճան հյուրերը , լրագրողները   տեղավորվել էին  Տրոկադերո հրապարակում, որտեղ  շքերթից հետո հայտնվեցին նաև մասնակիցները:

Սենա գետի երկայնքով,  վեց  կմ երկարությամբ, տեղի  ունեցավ  նավակներով յուրատեսակ  շքերթը: Այն ընդմիջվում էր   երաժշտական դադարներով և ֆրանսիական մշակույթին բնորոշ շքեղությամբ:

Հայաստանի օլիմպիական թիմը ջրուղին անցավ թիվ 13 –րդ նավով:Մեր պատվիրակության   դրոշակակիրներն էին լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը և  բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը։ 

Ներկաները բուռն ծափահարություններով ու վանկարկումներով դիմավորեցին  օլիմպիական կրակի փոխանցավազքի վերջնամասի մասնակիցներ  լեգենդար   Զինեդին Զիդանին,  Ռաֆայել Նադալին, Սերենա Ուիլյամսին:

Լուվր թանգարանի հարակից տարածքում  ջահը  վառեցին ֆրանսիացի ձյուդոիստ Տեդի Ռիները և արագավազորդ Մարի-Ժոզե Պերեսը: Օլիմպիական կրակի վերջին հանգրվանը` հսկայական օդապարիկն էր, որը մինչև օգոստոսի 11 –ը  կշրջի Փարիզի երկնքում:  

Տոնակատարության  ընթացքում  ելույթ ունեցան  աշխարհահռչակ երգիչներ Լեդի Գագան և Սելին Դիոնը:

«Փարիզ-2024» կազմկոմիտեի նախագահ, օլիմպիական չեմպիոն Թոնի Էստանգեն իր խոսքում հետևյալն ասաց. « Ֆրանսիան հաճախ են  սիրո երկիր  անվանում և դա ճիշտ է, եթե մենք սիրում ենք, ապա իսկապես ենք սիրում։ Մեծ է սերը օլիմպիական  խաղերի և  Ֆրանսիայի միջև: Այդ մեծ սիրո պատմությունը  սկսվել է 130 տարի առաջ, այստեղից ոչ հեռու՝ Սորբոնի համալսարանում: Այն ժամանակ  Պիեր դե Կուբերտենը առաջարկեց վերականգնել օլիմպիական խաղերը և այդ ժառանգությունը շարունակելը մեծ պատիվ ու պատասխանատվություն է մեզ համար:

Սիրելի մարզիկներ, Էյֆելյան աշտարակի մի մասնիկ կգտնեք յուրաքանչյուր  մեդալի մեջ: Այսօր,  այստեղ,  դուք մեկ անգամ ևս  հիշեցրիք, թե որքան կարևոր է, երբ  մարդիկ մեկտեղվում են մեկ հարկի տակ: Ու երբ վերադառնաք օլիմպիական ավան, դուք աշխարհին հույսի ուղերձ եք հղելու,  ապացուցելու, որ  տարբեր կրոնի, ազգության ու հավատի մարդիկ կարող են ապրել նույն վայրում։ Առաջիկա 16 օրերի ընթացքում դուք  խոսելու եք մեկ ընդհանուր լեզվով՝  սպորտի լեզվով»,- ասել է Էստանգեն։

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը իր ելույթում  ասել է. « Բարի երեկո, Փարիզ: Բարի երեկո, Ֆրանսիա:

Հարգելի մարզիկներ, Ֆրանսիայի Հանրապետության հարգելի նախագահ,  պարոն Էմանուէլ Մակրոն, Փարիզ-  2024-ի կազմկոմիտեի հարգելի նախագահ, իմ  սիրելի ընկեր Թոնի  էստանգե, Փարիզի հարգելի քաղաքապետ,  տիկին Անն Իդալգո,  օլիմպիական ընտանիքի հարգելի  ընկերներ:

Վերջապես եկել է հանդիսավոր  պահը:  Բարի գալուստ  «Փարիզ  -2024 »  :

Շնորհակալություն եմ հայտնում մեր  ֆրանսիացի բարի տանտերերին: Շնորհակալություն  ընդունելության  համար։ Օլիմպիական կրակն էլ ավելի լուսավոր կդարձնի Փարիզն ու ողջ Ֆրանսիան։

Մենք խորապես երախտապարտ ենք մեր  ֆրանսիացի ընկերներին։ Առաջին հերթին՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահին,  իշխանություններին,  կազմկոմիտեին:

Դուք կյանքի եք կոչում  օլիմպիական բարեփոխումների օրակարգը: Այս մարզահանդեսը  ավելի ընդգրկուն է, ավելի քաղաքային, ավելի երիտասարդ և ավելի կայուն՝ գենդերային հավասարությամբ:

Հատուկ շնորհակալություն հազարավոր կամավորականներին։ Ձեր ժպիտները ստիպում են մեզ էլ ավելի սիրահարվել Փարիզին ու  Ֆրանսիային:

Շնորհակալություն ենք հայտնում կազմկոմիտեի ողջ թիմին, ովքեր իրենց ներդրումն ունեն ստուգատեսը  անմոռանալի դարձնելու գործում։

Փարիզը՝  խաղերի  հիմնադիր Պիեռ դը Կուբերտենի ծննդավայրն է, որին պատկանում ենք մենք բոլորս։

Փարիզը  լույսի քաղաք է, որտեղ  ստեղծվել է ժամանակակից օլիմպիական խաղերը։

Փարիզը, սիրո քաղաք է:

Հարգելի մարզիկներ. Սա ձեր օլիմպիական ճանապարհորդության գագաթնակետն է: Դուք Փարիզ եք եկել որպես մարզիկներ, այժմ  արդեն օլիմպիականներ եք:

Մեր օլիմպիական աշխարհում բոլորս հետևում ենք նույն կանոններին: Դուք բոլորդ զգացել եք և օգտվել  օլիմպիական համերաշխություն ծրագրից՝ օլիմպիական դառնալու ձեր երկար ու դժվարին ճանապարհորդության ընթացքում:

Այդ համերաշխության շնորհիվ է, որ  կարողացել  են հավաքվել  ու համախմբվել  206 ազգային օլիմպիական կոմիտեները և ՄՕԿ –ի փախստականների  թիմը:

Բարի գալուստ  մարզիկներ,  բարի գալուստ, օլիմպիականներ:

Կեցցե օլիմպիական խաղերը: Կեցցե Ֆրանսիան:

Այժմ ինձ համար  մեծ պատիվ է հրավիրել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ պարոն Էմանուել Մակրոնին՝ հայտարարելու  33-րդ  ամառային օլիմպիական խաղերի բացման մասին » ։

Ֆրանսիայի նախագահը 33 –րդ համաշխարհային սպորտի գլխավոր մարզահանդեսի պաշտոնական բացումը հայտարարեց  տեղական ժամանակով  21. 33 –րդ րոպեին:

Այսօր՝  հուլիսի 27-ին,  մեր պատվիրակներից մեկնարկի կելնեն լողորդ Վարսենիկ Մանուչարյանը,  հրաձիգ Էլմիրա Կարապետյանը,  մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը:  

 

 

 

Այլ նորություններ