Ավանդույթի համաձայն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը մայրաքաղաքի Օլիմպավանում ընդունեց Փարիզի օլիմպիական խաղերի մասնակից մարզիկներին:
Ներկա էին նաև մարզական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ:
ՀԱՕԿ- ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի բացման խոսքից հետո խոսափողը տրամադրվեց նախագահ Գագիկ Ծառուկյանին. « Գլխավոր քարտուղարն արդեն ներկայացրեց, որ ՀԱՕԿ –ը լիովին կատարել է նախապես կազմված օլիմպիական ծրագրի պահանջները: Նպատակային աշխատանքներ են տարվել նախապատրաստական բոլոր փուլերում:
Հարգելի մարզիկներ, դուք դժվարին ճանապարհ եք անցել ու հաշվված օրեր հետո Փարիզում կփորձեք իրականացնել օլիմպիական մրցանակակիր դառնալու ձեր երազանքը:
Մեր ժողովուրդը անհամբերությամբ է սպասում ձեր ելույթներին, որովհետև դուք եք մեր երկրի մարզական դեսպանները օլիմպիական խաղերում:
Համայն աշխարհի հայ մարզասերը հաջողություն է ակնկալում ձեզանից, հավատալով, որ դուք հաղթանակներ կպարգևեք մեր երկրին ու բարձր կպահեք Հայաստանի մարզական դրոշի պատիվը:
Մեր բարեկամ երկիր Ֆրանսիայում հայկական մեծ համայնք կա և, անշուշտ, կստանաք նաև նրանց ոգևորիչ աջակցությունը:
Փարիզի ստուգատեսին նախորդած տարիներին դուք, հարգելի մարզիկներ, բազմաթիվ խոսուն հաղթանակներ եք ձեր հաշվին գրանցել միջազգային պաշտոնական մրցաշարերում: Եվ ահա եկել է ժամանակը , որ ձեր ուժն ու եռանդը դրսևորեք առաջիկա համաշխարհային գլխավոր մարզահանդեսում . . . », - ասել է ՀԱՕԿ –ի նախագահը: