Ղազախստանի Ակտուա քաղաքում տեղի ձյուդոիստների հետ 14 –օրյա համատեղ մարզումներ անցկացնելուց հետո Հայաստան վերադարձավ մարզաձևի մեր հավաքականը: Գլխավոր մարզիչ, մոտ անցյալի նշանավոր մարզիկ, գյումրեցի Հովհաննես Դավթյանը հայտնեց, որ միջոցառումը լիովին ծառայեց նպատակին: Մեր 13 տղաների գերակշիռ մասը մրցափորձի պակաս ունի: Այն ինչ որ չափով հարստացնելու համար պարապմունքները հագեցած էին գոտեմարտերով: Ընթացիկ մրցաշրջանում, սա, կարելի է ասել, հավաքականի լիարժեք կազմով առաջին մրցուղերթն էր:
Մարտի 3 – ին թիմը կհանգրվանի Ծաղկաձորում: Դա առաջիկա մրցումների համար նախապատրաստական առաջին փուլը կհամարվի, որովհետև շեշտը կդրվի տղաների ընդհանուր ֆիզպատրաստականությունը բարելավելու վրա: Իհարկե, չեն մոռացվի տեխնիկատակտիկական հարցերում եղած թերությունները շտկող անհատական մարզումները: Կհաջորդեն մեր թիմի մրցուղերթները ` Եկատերինբուրգում , Թբիլիսիում և Անթալիայում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարերը: Այդ ընթացքում ձյուդոյի հարուստ ավանդույթներ ունեցող Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության թիմերի հետ համատեղ մարզումներ կանցկացվեն: Ամենօրյա պարապմունքներն ու գոտեմարտերը բավականին կհարստացնեն մեր տղաների տեխնիկական հնարքների զինանոցը, մարտավարման տակտիկան և մրցափորձը:
Վարկանիշային է նաև Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մայիսի 1 -3 –ը անցկացվելիք Եվրոպայի առաջնությունը: