Օրսե թանգարանում ներկայացվել են Փարիզի օլիմպիական և պարալիմպիկ խաղերի պաստառները: Հեղինակը Ֆրանսիացի նկարազարդող Ուգո Գատտոնին է: Նա արվեստի գործերը ստեղծելիս համադրել է իր յուրահատուկ ոճը Փարիզ 2024-ի առաջարկությունների հետ։ Պաստառների ձևավորման մեջ տարբերակում չի դրվել օլիմպիական և պարալիմպիկ խաղերի միջև: Այդ ամենը արվել է հավասարության ոգով:
Ինչպես ջահի և թալիսմանների պարագայում, պաստառները միմյանց հետ կապված են ու միավորված: Դրանք թանգարանում կմնան մինչև մարտի 10-ը և հասանելի կլինեն այցելուների համար:
Պաստառներն իրենց մեջ պարունակում են միկրոտարրերի, փոքրիկ տեսարանների հագեցած հարուստ կոմպոզիցիա: Ուգո Գատտոնիին, հրավիրում է մարդկանց «թափառել նկարի մեջ», այսինքն այնտեղ հնարավոր է «ընկղմվել ու ազատ զբոսնել»։ Փարիզն այդտեղ պատկերված է մեծ մարզադաշտ-քաղաքի տեսքով, որտեղ վերադասավորված ու վերաիմաստավորված են հանրածանոթ վայրերը, հուշարձաններն ու խորհրդանիշները: Այդկերպ կամրջվում են 1900թ., 1924թ. և 2024թ. Փարիզի օլիմպիական մարզահանդեսները։
Արվեստի այդ գործը ստեղծելու վրա նկարիչը աշխատել է 2023թ. սեպտեմբերից մինչև 2024թ. հունվարը: Ընդհանուր առմամբ երկու պաստառների վրա ծախսվել է շուրջ 2000 ժամ: