ՉԵՄՊԻՈՆԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ՀԱՕԿ ՆԱԽԱԳԱՀԸ

17:07 - 22 Ապր, 2023

Ծանրամարտի Եվրոպայի երևանյան առաջնության տղամարդկանց մրցաշարում Հայաստանի մեդալակիրների թիվը աճում է ժամ առ ժամ:

Ժամեր  առաջ էր, որ   Դավիթ Հովհաննիսյանը / 96 կգ / նվաճեց չեմպիոնի կոչումը: Եվ ահա  <<  ծնվեց >> հայաստանցի երրորդ չեմպիոնը՝ Գարիկ Կարապետյանը  / 102 կգ /: Նա պոկեց 178 կգ, հրեց 214 կգ, սահմանեց Եվրոպայի երիտասարդների նոր ռեկորդ ու երկամարտի 392 կգ արդյունքով նվաճեց հին աշխարհամասի չեմպիոնի ոսկե մեդալը:

Գյումրեցի ծանրորդը 20 տարեկան է, մարզվում է իր հայրիկի ՝ միջազգային կարգի սպորտի վարպետ Ալեքսան Կարապետյանի գլխավորությամբ:

Գարիկը երկաթախաղի մարտնչող վարպետ է ու այդ մասին վկայեց նրա <<  վերջին կատարումը >>,  և տխրեց, երբ գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նրան արգելեց մոտենալ   հրում վարժության  հերթական մոտեցմանը, քանզի մեր մարզիկը արդեն արժանացել էր լավագույնի պատվին: Այդ միջոցին դահլիճը թնդում էր ծափերից. Հայաստանի հավաքականի օգտին գրանցվեց ութերորդ մեդալը, որից երեքը՝ ոսկե: Նվաճման շնորհիվ տանտերերի  թիմը բարձրացավ առաջին տեղը:

Ցնծությունը նոր թափ ստացավ, երբ չեմպիոնին պարգևատրեց  ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Ենթադրում ենք, որ  այսօր, հերթական  մրցահերթում հանդես եկող 109 կգ քաշային կարգի մեր ծանրորդներ Սամվել Գասպարյանը, Պետրոս Պետրոսյանը և ժամը 20. 00  -ից կանանց մրցապայքարի ելնող  87 կգ քաշայիններ Հռիփսիմե Խուրշուդյանն ու  Մարգարիտա Առաքելյանը  հաջող մրցելույթներ կունենան և ավելի կամրապնդեն մեր թիմի առաջատար դիրքը:

 

Այլ նորություններ