ԾԱՆՐԱՀԱՐԹԱԿ ԿԵԼՆԵՆ . . .

16:17 - 10 Ապր, 2023

Հաշվված օրեր են մնացել Երևանում կայանալիք Եվրոպայի ծանրամարտի տղամարդկանց և կանանց առաջնության մեկնարկին:

Մեր երկրի հավաքականները շարունակում են  իրենց ծրագրային նախապատրաստական աշխատանքները: Տղամարդկանց թիմը նախապատրաստվում է մայրաքաղաքի Օլիմպավանում, իսկ կանանցը՝  Աբովյան քաղաքի մարզահամալիրում:

Մարզչական կազմերի յուրաքանչյուր անդամ լավ  գիտե իր անելիքը: Նույնիսկ վերջնափուլի մատույցներում շարունակվում են անհատական աշխատանքները, ճշգրտվում են աննկատ թվացող թերությունները, ըստ մրցումային ժամանակացույցի կարգավորվում են համապատասխան  քաշային կարգերում հանդես եկողների  անձնական կիլոգրամները:

Ներկոլեկտիվային զրույցները վկայում են, որ ծանրորդները  լավ մարզավիճակում են և մարտական տրամադրությամբ կելնեն ասպարեզ:

Ապրիլի 14 –ից մարզիկները  ժամանակավոր բնակություն կհաստատեն Երևանի համապատասխան հյուրանոցներում:

Հավաքականների գլխավոր մարզիչներ, վաստակավոր մարզիչներ Փաշիկ Ալավերդյանը / տղամարդկանց / և Արտաշես Ներսիսյանը / կանանց / արդեն հրապարակել են թիմերի կազմերը: 

Տղամարդիկ. Գոռ Սահակյան (67 կգ), Ռաֆիկ Հարությունյան (81 կգ), Անդրանիկ Կարապետյան (89 կգ), Դավիթ Հովհաննիսյան, Արա Աղանյան (96 կգ), Գարիկ Կարապետյան (102 կգ), Սամվել Գասպարյան , Պետրոս Պետրոսյան (109 կգ), Վարազդատ Լալայան, Սիմոն Մարտիրոսյան (+109 կգ):

Կանայք. 55 կգ՝ Իզաբելա Յայլյան, Ալեքսանդրա Գրիգորյան, 64 կգ՝ Անուշ Արշակյան, 76 կգ՝ Տաթեւ Հակոբյան, Էմմա Պողոսյան 81 կգ`  Աննա Ամրոյան, Լիանա Գյուրջյան, 87 կգ՝ Հռիփսիմե Խուրշուդյան, Մարգարիտա Առաքելյան,  +87 կգ՝ Ջուլիետա Ավանեսյան:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 14 –ի երեկոյան տեղի կունենա ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:

 

 

Այլ նորություններ