Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվում է սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական երկրորդ առաջնությունը:
Մասնակիցները մեկնարկեցին թիմային մրցաշարով: 36 երկրների հավաքականների պայքարում գերազանց քննություն բռնեցին մեր տղաները: Էրիկ Բաղդասարյան – Մամիկոն խաչատրյան - Համլետ Մանուկյան եռյակը վեց մրցաձևերում հրաշալի կատարումներ ունեցավ:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի / նա ընդգրկված է մրցավարական հանձնախմբում / և տղաներին մրցահարթակ ուղեկցող Հայկ Նազարյանի սաները ունեցան կայուն մրցելույթներ, վաստակեցին 159,161 միավոր և դարձան չորրորդ մրցանակակիր:
Առաջին եռյակում տեղ գտան մարզաձևի ավանդույթներով չափազանց հարուստ Ճապոնիայի / 164,831 միավոր /, Չինաստանի / 161, 229 / և Իտալիայի / 159, 596 / թիմերը:
Մեր հարևաններից թուրքերը գրավեցին 10 –րդ / 154, 330 /, իրանցիները ՝ 15 –րդ / 151, 363 /, ազերիները ՝ 31 –րդ / 136, 997 / տեղերը:
Հետխորհրդային երկրներից ղազախները զբաղեցրին աղյուսակի 21 –րդ, ուկրաինացիները ՝ 24 –րդ, ուզբեկները ՝ 27 –րդ, լիտվացիները ՝ 28 -րդ և լատիշները ՝ 35 –րդ հորիզոնականները:
Բազմամարտի եզրափակիչ են մտել Էրիկ Բաղդասարյանն ու Համլետ Մանուկյանը, որոնք ասպարեզ կելնեն վաղը:
Մեր մարմնամարզիկները իրենց համար տեղ են ապահովել նաև առանձին գործիքների եզրափակիչներում. նժույգթափեր՝ Համլետը և Մամիկոնը, օղակներ՝ Էրիկը և Համլետը, իսկ զուգափայտ ՝ Էրիկը: Եզրափակիչները կանցկացվեն ապրիլի 1 –ին: